«Զվարթնոցը» գործարկեց 70-ականներից քնած ենթակառուցվածքը. աճը՝ 35 տոկոս
Լուսանկրաը` «Զվարթնոցը» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից
«Զվարթնոց» օդանավակայանում շահագործման է հանձնվել խորհրդային տարիներից ի վեր չօգտագործվող ղեկուղին։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնել են, որ ամբողջությամբ վերանորոգվել է Կառամատույց 1-ից մինչև «Ալֆա» ղեկուղի ընկած հատվածը, որը փակ էր դեռևս 1970-ականներից։ Ավելի քան 53,200 քառակուսի մետր մակերեսով (1400 մ x 38 մ) այս հսկայական տարածքի վերագործարկումը ռազմավարական նշանակություն ունի օդանավակայանի համար։
Ակնկալվում է, որ վերգետնյա երթևեկության օպտիմալացման շնորհիվ օդանավերի տեղաշարժերի ընդհանուր քանակը կավելանա մոտ 35%-ով, ինչը թույլ կտա զգալիորեն թեթևացնել գերբեռնվածությունը և սպասարկել ավելի մեծ թվով չվերթեր։
Նորացված ենթակառուցվածքը նախատեսված է նաև ծանր բեռնատար օդանավերի սպասարկման համար՝ դրանով իսկ ընդլայնելով օդանավակայանի բեռնափոխադրման հնարավորությունները։ Բացի այդ, այն կծառայի որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք՝ անհրաժեշտության դեպքում օգտագործվելով որպես տարհանման ճանապարհ։
Ըստ պատասխանատուների՝ այս նախագիծը օդանավակայանի զարգացման շարունակական ծրագրի առանցքային մասն է, որի վերջնանպատակը ուղևորների համար սպասարկման որակի բարձրացումն է։