Մոսկվայում եւ Պետերբուրգում ծեծկռտուք է եղել հայերի ու ադրբեջանցիների միջև (տեսանյութ)
10.05.2017
Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում մայիսի 9-ի առիթով «Անմահների գունդը» քայլերթի ժամանակ քաշքշուկ է սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև:
Մոսկվայի մետրոյի Բելոռուսկայա կայարանի մոտ ադրբեջանցիները հայերից պահանջել են հեռացնել և չծածանել Արցախի դրոշը, ինչից հետո հայերն ադրբեջանցիներին թույլ չեն տվել ծածանել Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանական դրոշներից մեկը հայերը կոտրել են, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Տեսնելով Արցախի դրոշը, ադրբեջանցիները կորցրեցին ինքնատիրապետումը և սկսեցին գոռգոռալ, ասելով, որ դա հայկական պրովոկացիա է: Ադրբեջանցիների ամբոխը մոտեցավ հայերին և կռիվ հրահրեց: Ի պատասխան հայերը սկսեցին հարվածել նրանց գլուխներին, որն էլ ստիպեց խաղաղվել ադրբեջանցիներին, որոնք հեռանալով հայերից կանգնեցին առավել անվտանգ վայրում»,- նշում են ակցիային մասնակիցները:
Քաշքշուկը բախման չի վերածվել: Վիճաբանության գրեթե սկզբից իրավապահները վերահսկել են դրությունը: Իրարից հեռացրել են ադրբեջանցիներին և հայերին, կանգնել արանքում: Ադրբեջանցիները հայերի ուղղությամբ իրեր են նետել: Հայերն սկսել են վանկարկել Ղարաբաղ-Ղարաբաղ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե, այնուամենայնիվ, մի քանի ադրբեջանցիներ վնասվածքներ են ստացել: Մեկի վնասվածքները լուրջ են, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: