Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ», - ասել է դեսպանը:
Դեսպանի խոսքով, Մոսկվան ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում. «Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ կվնասի Ռուսաստանի շահերին»:
Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտ համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները չունեն որեւէ բացասական ազդեցություն»:
Դեսպանի խոսքով, այս պահին միջնորդները փորձում են կողմերի միջեւ լիարժեք բանակցություններ վերսկսել. «Մեր աշխատանքն է՝ ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտար երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել»:
Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին, Ռիչարդ Հոգլանդը նշեց. «Մենք դեռ չենք հասել մի կետի, երբ միջազգային հանրությունը խաղաղապահների կամ տնտեսական օգնության միջոցով կարողանա երաշխավորել բռնության իսպառ վերացումը: Դա պետք է անեն հենց իրենք՝ առաջնորդները»:
Հոգլանդի խոսքով, եկել է խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը, որից կողմերը ոչ թե կկորցնեն այլ՝ յուրաքանչյուր կողմ կշահի.
«Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ՝ կապի, բեռնափոխադրումների զարգացման, մեկուսացման նվազման, առավել ձեռնտու տնտեսական պայմանների համար: Այնպես որ, երկրները անմիջապես կզգան այդ դրական հետեւանքները: Կզգան դրանք նաեւ ժողովուրդները»:
Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահն ավելացնում է, որ իր կարծիքով Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել խաղաղ գործընթացում.
«Համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ է փոքր-ինչ ավելի ակտիվ լինել սակայն, մենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենավաղ շրջանում ենք: Այս նոր վարչակազմը դեռեւս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները եւ թիմը, այնպես որ, եկեք լինենք փոքր-ինչ համբերատար եւ տեսնենք, թե մոտ ամիսների ընթացքում այս ամենն ինչպես է զարգանում»: