Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության ապահովման համար է, եւ եթե այդ ռազմական օբյեկտի ընդլայնման հարց դրվի, ապա այն պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության հիման վրա։
Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային ժողովուրդների հաղթանակի 72-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագորղների հետ զրույցում հյատարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Միեւնույն ժամանակ դեսպանը տեղին չի համարել մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Գյումրու ռազմաբազային ընդլայնման եւ արդիականացման վերաբերյալ հայտարարությունը: «Ես դեսպան եմ, ոչ թե նախարար, որ մեկնաբանեմ նախարարի հայտարարությունը: », - ասել է Իվան Վոլինկինը:
«Եթե լինի ինչ-որ ընդլայնում, ապա այն, հավանաբար, կլինի երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա: Միակողմանի ոչ մի բան չի արվի, վստահ եմ»,- ասաց Իվան Վոլինկինը:
«Ինտեֆաքս» Գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարսգյանը մասնավորապես նշել էր, որ այժմ ՀՀ-ում նոր ռազմաբազա տեղակայելու հարց չի քննարկվում: Միեւնույն ժամանակ նա տեղեկացրել էր, որ նախատեսվում է ընդլայնել ու արդիականացնել Գյումրու 102-րդ ռազմաբազան:
Հատկանշական է, որ Իվան Վոլինկինը խուսափեց մեկնաբանել, թե ինչ է նկատի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ արտասահմանում, այդ թվում Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազաները պատրաստ են ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարին:
«Ես կարծում եմ, որ նախարարն ավելի լավ գիտի, քան դեսպանը: Առհասարակ, Գյումրիում ռուսական բազան այստեղ է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Միևնույն ժամանակ այլ խնդիրներ լուծելու համար գոյություն ունի համատեղ խմբավորում»,-ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
Լրագրողների հետ զրոյցում դեսպանը նաեւ շնորհավորեց Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առթիվ՝ մաղթելով «բոլորին երջանկություն, բարօրության, և գլխավորը՝ խաղաղ երկինք»: