23.11.2024
Հայերն ու Հայրենական մեծ պատերազմը. ինչո՞ւ մեր հերոսները Բաքվին հանգիստ չեն տալիս
prev Նախորդ նորություն

Բանակից մինչև ԱԳՆ. Ինչպես հաղթել ԼՂ պատերազմը և տանուլ տալ դիվանագիտությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, Ֆոտո՝ president.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, Ֆոտո՝ president.am

Արցախում մայիսի 8-9-ին տեղի են ունենում միջոցառումներ՝ նվիրված մայիսյան տոներին: Ստեփանակերտում դեռ մայիսի 8-ից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, զինվորական և հոգևոր վերնախավի մասնակցությամբ մեկնարկել էին մայիսյան Եռատոնի տոնակատարությունը: Նշում են Պաշտպանության բանակի ստեղծման ու Շուշիի ազատագրման 25-ամյակը և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-ամյակը:


Մայիսիյան տոներին նվիրված միջոցառումներին մասնակցում էին ԱՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:



Բանակի թերություններից պետք է ձերբազատվել


Մայիսյան Եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտում զեկույցով հանդես է եկել Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, որը մասնավորապես նշել է, որ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա առճակատումը և դրան հաջորդած զարգացումները, իրենց թողած ծանր հետևանքներով հանդերձ, միաժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցան՝ ինչպես հայ ժողովրդի հետագա կենսագործունեության կազմակերպման, այնպես էլ նրա զինված ուժերի աստիճանական առաջընթացի ապահովման տեսանկյունից: «Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը նրա բանակն է, իսկ վերջինս հզորության հասնելը՝ հայոց համազգային միասնությունը: Սրանք այն երկու բացառիկ արժեքներն են, որոնց հիմքի վրա կառուցվել ու պետք է կառուցվի հայության համար կենսական կարևորություն ունեցող և հաղթանակների կամուրջը», - ասել է նախարարը, հայտնում է «Արցախպրեսը»:



Ունենալով մինչև հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ, Լեւոն Մնացականյանի կարծիքով պետք է ամեն պահ պատրաստ է դարանակալ հարվածի:


Այս համատեքստում նա բարձրացրել է բանակում ի հայ եկող թերություններին անհապա ձերբազատվելու խնդիրը: «Առավել քան պահանջված է դառնում եղածը շարունակաբար կատարելագործելու, նկատված թերություններից արագ ձերբազատվելու, և որ շատ կարևոր է, գաղափարական հիմքերով ամբողջացած հայության ոգեղեն որակները նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը»,- ասել է Մնացականյանը և խոսել ՊԲ-ում կատարված բարեփոխումների, նոր տեխնիկայի ձեռքբերման և ժամանակակից տեսադիտարկման սարքավորումներով հագեցվածության մասին, որոնք հնարավորություն ընձեռեցին՝ ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցող սադրիչ գործողությունների փորձերը կանխելու:


«Մայիսյան եռատոնը մեզ՝ ապրողներիս, առաջին հերթին սովորեցնում է անընդհատ հիշել բոլոր նրանց, ովքեր սրբազան կյանքով կերտել են իրենց անմահության կոթողը՝ լինի դա Մեծ հայրենականի մարտադաշտերում, թե Արցախի պաշտպանության դիրքերում: Նրանց մեծ մասը, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին, 18-20 տարեկաններ էին, ովքեր իրենց հրամանատարների գլխավորությամբ կատարեցին անհնարինը: Եվ բացառությամբ մի քանի հենակետերի՝ անառիկ պահեցին մոտ 200 կմ երկարությամբ ձգվող հայոց արևելյան սահմանը»,-մասնավորապես ասել է նախարարը:


Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի


«Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ մայիսյան Եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է», - Այս մասին ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նա համողմունք է հայտնել, որ եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու:



«Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Մենք կայացած պետություն ենք, ունենք պաշտպանված երկիր՝ ի դեմս հայոց զինված ուժերի: Հայոց Զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Հակոբյանը և հավելել, որ հայ ժողովրդին մաղթում է նորանոր հաղթանակներ, բայց այս անգամ արդեն սպորտի, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում:



ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կոչ է անում համայն հայությանն աջակցել Արցախի պետական սահմանի ամրապնդման գործում: «Այս օրը պատմական օր է, և ես համայն հայությանը կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք իր լուման ներդնի մեր պետականության և պետական սահմանի ամրապնդման գործում», - ասել է նա: «Մայիսյան Եռատոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում խաղաղություն,- ասել է Վիտալի Բալասանյանը և նշել,- մեր տեսակն արդեն փոխվել է, այժմ անհնար է, որ հակառակորդը որևէ ոտնձգություն թույլ տա մեր հանդեպ: Միանշանակ համոզված եմ, որ եթե նորից պատերազմ լինի, մենք կրկին հաղթանակելու ենք»:


«Հաղթել ենք պատերազմը, պարտվում դիվանագիտության մեջ»


Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման գործողության հրամանատար Արկադիր Տեր-Թադեւորսյանն խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա գործընթացի մասին՝ ընդգծելով, որ այսօր արդեն դեմ է խնդրի կարգավորման փոխզիջումային այն տարբերակին, որն իրենից տարածքների վերադարձ է ենթադրում: Միեւնույն ժամանակ նա խոստովանում է՝ հակամարտության բանակցային գործընթացի սկզբնական շրջանում մտածել է այս ուղղությամբ:


«Հիմա խնդիրն այն է, որ ցանկացած տարածքի վերադարձով մենք կթուլացնենք մեր դիրքերը: Սկզբնական շրջանում մտածում էի, որ կարող ենք բանակցել՝ մի փոքր մասը տալ այլ բանի դիմաց, սակայն հիմա հասկանալի է, որ հակառակորդն այնպիսին է, որ ոչ միայն ցանկանում է Արցախը, այլև հավակնություններ ունի Զանգեզուրի և այլ տարածքների վրա: Ադրբեջանն այսօր ունի պանթուրքիզմի գաղափարախոսություն, որը գալիս է Թուրքիայից. եթե մի բան հանձնենք, հաջորդ օրը կասեն՝ նա էլ հանձնեք, էն մյուսն էլ, և այլն»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը, հայտնում է tert.am-ը:



Նրա խոսքով, Ադրբեջանն ունի դիվանագիտական այնպիսի մշակույթ, որի օգնությամբ կարողանում է դուրս սողոսկել ցանկացած դժվար իրավիճակից: Նա ցավով խոստովանեց, որ այսօր դիվանագիտական հարթակում հայերն այնքան էլ հաղթածի դիրքերից չեն խոսում, բայց միևնույն ժամանակ մեջբերեց Միավորված Թագավորության վարչապետ Սըր Ուինսթոն Չերչիլի խոսքերը, թե ով հաղթում է պատերազմում, պարտվում է դիվանագիտության մեջ: «Մենք այս պահին պարտվում ենք դիվանագիտության մեջ, այդ իսկ պատճառով դեռևս չգիտենք՝ տարա՞ծք պետք է զիջենք, ջո՞ւր պետք է տանք, որ առաջարկն ընդունենք, ամեն բան անհասկանալի է: Այս անորոշության մեջ միայն Ադրբեջանը չէ մեղավոր, մենք էլ սխալներ ունենք, քանի որ տարբեր բաների շուրջ ենք բանակցում՝ սկզբում այլ բան ենք ասում, հետո Մադրիդյան սկզբունքներ քննարկում, և այլն»,- ընդգծեց գեներալ-մայորը:


Արցախի հերոսի գնահատմամբ՝ Ապրիլյան պատերազմը սթափեցրեց, քանի որ փոքր-ինչ ինքնահավան էինք դարձել՝ մտածելով, թե ամեն ինչ մեր ձեռքում է, սակայն սահմանին իրականությունն այլ է:


«Մենք քաղաքում վայելում ենք կյանքը՝ սրճարաններ և այլն, մոռացել էինք, որ Երևանի, Գյումրիի և այլնի անվտանգությունը պայմանավորված է սահմանային անվտանգությամբ: Դրականն այն է, որ այսօր սահմանամերձ շրջաններում պաշտպանության ուժեղացման գործընթաց է մեկնարկել: Մեր երիտասարդ սպաների, զինվորների շնորհիվ մենք կարողացանք հաղթել Ապրիլյան պատերազմը, բայց նման բանի կրկնման ժամանակ, այդ դիրքով, մեզ այլևս նման հաղթանակ հարկավոր չէ: Մեզ այլ հաղթանակ է հարկավոր, ինչի համար էլ շփման գծի ամբողջ երկայնքով ամրապնդման գործընթաց է»,-եզրափակեց Կոմանդոսը: