Հայաստանի տնտեսությունը սեպտեմբերին․ 10.5% ակտիվության աճ և առևտրի անկում
Լուսանկարը` primeminister.am
Սույն թվականի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նկատելի աճ է գրանցել՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելանալով 10.5%-ով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ նախորդ ամսվա (օգոստոսի) համեմատ աճը կազմել է 9.8%, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների ընդհանուր ցուցանիշը տարեկան կտրվածքով հասել է 7.6%-ի։ Այսուհանդերձ, այս դրական ներքին դինամիկան տեղի է ունենում արտաքին առևտրաշրջանառության զգալի կրճատման ֆոնին։
Սեպտեմբերին աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է շինարարության ոլորտը, որը նախորդ տարվա համեմատ 22% թռիչք է գրանցել։ Նկատելի ավանդ են ունեցել նաև արդյունաբերությունը (աճ՝ 10.1%) և ծառայությունների ոլորտը (աճ՝ 7.9%)։ Միևնույն ժամանակ առևտրի շրջանառությունը ցուցաբերել է ավելի համեստ աճ՝ ավելանալով ընդամենը 0.9%-ով։
Ի հակադրություն սրա՝ 2025 թվականի սեպտեմբերին արտաքին առևտրի ցուցանիշները մնացել են բացասական տիրույթում։ Այս միտումը չի դադարում տարեսկզբից՝ ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման դադարեցումից հետո։ Սեպտեմբերին երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 21.6%-ով։ Այս անկումը պայմանավորված է ինչպես արտահանման զգալի նվազմամբ (նվազել է 24.4%-ով), այնպես էլ ներմուծման կրճատմամբ (19.5%-ով)։
Այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը դիտարկվող ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կազմել է 3.7%։
Նշենք, որ Հայաստանի պետբյուջեով նախատեսված է 5,1% տնտեսական աճ, իսկ ԿԲ-ն ակնկալում է 5,7-5,8%։ Միջազգային ֆինանսական կառույցներն ավելի զուսպ գնահատականներ են տալիս․ Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է 4%, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ 4,5%, մինչդեռ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ակնկալում է 6%։