Սահմանադրական բարեփոխումներ․ քարոզարշավը սկսվում է, Հռչակագիրը՝ դեռ չի քննարկվել
Լուսանկարը` parliament.am
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանում կմեկնարկի Սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավ։ Ինչպես հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հանրությանը կներկայացվեն այն դրույթները, որոնք արդեն հաստատվել են մասնագիտական խորհրդի կողմից։ Սակայն, ինչպես պարզաբանեց նախարարը, հանձնաժողովը դեռևս չի անդրադարձել Նախաբանին և առաջին գլխին, որտեղ ամրագրված է Անկախության հռչակագիրը։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են, և նոր Սահմանադրության տեքստում տեղ գտնելիք որոշ ձևակերպումների շուրջ արդեն իսկ որոշումներ են կայացվել։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ամենաքննարկվող մասերը՝ Նախաբանն ու առաջին գլուխը, դեռևս քննարկման առարկա չեն դարձել։
Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թեև բարեփոխումների հանձնաժողովը ստեղծվել էր դեռ 2019 թվականին։ Գործընթացն ակտիվացել է Ադրբեջանի պահանջների ֆոնին, որը մայր օրենքի փոփոխությունը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայման։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ գործող Սահմանադրության նախաբանը, որը հղում է կատարում 1990թ․ Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է պարունակում, քանի որ Հռչակագիրն իր հերթին անդրադառնում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշմանը։