23.11.2024
Չորս ամիսների ընթացքում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով
prev Նախորդ նորություն

Հայերն ու Հայրենական մեծ պատերազմը. ինչո՞ւ մեր հերոսները Բաքվին հանգիստ չեն տալիս

Մայիսյան տոներին ընդառաջ Ադրբեջանը մշտապես «վերհիշում է» պատմությունը՝ փորձելով ավելացնել Հայրենական մեծ պատերազմում ադրբեջանցիների մասնակցության թիվը, դերն ու նշանակությունը: Բայց փաստերը, ինչպես ասում են, կամակոր բան են: Մեր հարևաններին մինչ օրս հանգիստ չի տալիս  այն փաստը, որ ավելի քիչ բնակչություն ունեցող Հայաստանը այդքան մեծ թվով հերոսներ տվեց՝ դառնալով այդ իմաստով առաջատարը, մինչ ադրբեջանցիները երկու ֆրոնտով էին պայքարում, այդ թվում և Գերմանիայի կողմից՝ նպատակ ունենալով գերմանացիների հաղթանակի դեպքում ստեղծել անկախ ադրբեջանական պետություն:


VERELQ-ի հետ զրույցում «Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне 1941-1945» աշխատության համահեղինակ, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը նշեց, որ 1941 թվականի տվյալներով խորհրդային Հայաստանում բնակչությունը  կազմել է 1 մլն 300 հազար, որից ռազմաճակատ է մեկնել 300 հազարը: Պատմաբանի խոսքով՝ դա մեր զինկոմիսարիատի տվյալներն են, այսինքն՝  ճշտված թվեր են: Բայց ընդհանուր առմամբ 1941-45թթ-ի պատերազմին մասնակցել է 600 հազար հայ՝ 300 հազարը Հայաստանից, 200 հազարը ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, իսկ 100 հազարը՝ սփյուռքից: Հարությունյանը շեշտեց՝ սա կարևոր է հասկանալ, քանզի երբ ասվում է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ Հայաստանից, այս թիվը որոշակիորեն թերահավատություն է ներշնչում, բայց իրականում այդքան հայ իսկապես մասնակցել է՝ և՛ սփյուռքից, և՛ մյուս հանրապետություններից.


«Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ՝ սա է փաստը»,- շեշտեց նա:


Նրա խոսքով, գրեթե ամեն տարի Հաղթանակի օրվան ընդառաջ մեր հարևանները լրատվամիջոցներով արշավ են մեկնարկում, որի նպատակն էր նվազեցնել հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմում ու առավել ևս այն դերակատարումը, որ մեր հայրենակիցներն ունեցել են դրանում: Մինչդեռ այդ մասնակցության մասին փաստում են ոչ միայն արխիվային բազմահազար փաստաթղթերը, այլև դրանց հիման վրա գրված գրքերն ու աշխատությունները: Կլիմենտ Հարությունյանը նշեց, որ երկրորդ թյուր տեղեկատվությունը պատմության այդ էջի վերաբերյալ այն է, թե 1941-45թթ-ին զոհվել է 300 հազար հայ, բայց իրականում՝ պատերազմում զոհվել է շուրջ 200 հազար հայ, որից 100 հազարը միայն Հայաստանից ու արխիվային փաստաթղթեր կան, որ վկայում են այդ մասին:


Ամենից ցավոտ թեման, սակայն, հայ հերթոսներն են և, հասկանալի պատճառներով, այս թիվը ևս ներկայացվում է աղավաղված: Պատմաբանը ներկայացրեց ամբողջական տեղեկատվությունը՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը հերոսների թվով առաջատարն է՝ Վրաստանը տվել է 89 հերոս, իսկ Ադրբեջանը միայն 43 հերոս:


«Խորհրդային միության հայ հերոսների քանակը 106 է, որից 4-ը ստացել են խորհրդա-ֆիննական պատերազմում (1939 նոյեմբեր- 1940 մարտ): Հայրենական պատերազմի հերոսի կոչում ստացել է 99 հայ, իսկ բացի այս ևս 3 հայ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման հետպատերազմյան խաղաղ տարիներին կատարած սխրանքների համար: 26 հայ ստացել են «Փառքի շքանշան», ընդ որում երրորդ աստիճանով ամենաառաջինը հենց հայ է պարգևատրվել՝ Գևորգ Իսրայելյանը Արցախից: Հայ ժողովուրդը հսկայական գործ է արել ու ներդրում ունեցել պատերազմում, հազարավոր հայերի անուններ են ներկայացվել են սովետական միության հերոսի կոչման,  չեն ստացել, բայց նրանք էլ ուրիշ կերպ են գնահատվել»,- թվարկեց մեր զրուցակիցը: 


Եվս մեկ փաստ՝ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, կրկնակի հերոս չի ունեցել, այնպես որ մինչ օրս կրկնակի հերոսներ Նելսոն Ստեփանյանն և մարշալ Բաղրամյանը նրանց հանգիստ չեն տալիս: Եվ որպեսզի իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գան,  Գորբաչովի ժամանակ Հեյդար Ալիևը դիմում է, որպեսզի իրենց Ազի Ասլանովին տան կրկնակի հերոսի կոչում: Վերջինս, նշեց պատմաբանը, զոհվել է 1945թ-ին, սովետական միության հերոսի կոչում է ստացել Ստալինգրադում, բայց ամենաուշագրավն այստեղ այն է, որ նրան հերոսի կոչման ներկայացրել է հայազգի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը, որը հետագայում ևս ստացել է նաև սովետական միության հերոսի կոչում: Եվ հենց այդպես էլ, քանի որ Գորբաչովը շատ էր ենթարկվում Ալիևին, Ազի Ասլանովին շնորհվեց սովետական միության կրկնակի հերոսի կոչում: 


«Նելսոն Ստեփանյանն ու մարշալ Բաղրամյանը իսկական կրկնակի հերոսներ են: Առաջինը հերոսի կոչման է ներկայացվել 1944թ-ի օգոստոսի 20-ին, բայց ինքը զոհվել է 1944թ-ի դեկտեմբերին: Ստեփանյանը նաև հետմահու ներկայացվել է եռակի հերոսի կոչման, բայց նա միայն կրկնակիի արժանացավ, իսկ եռակիի փոխարեն Ստեփանյանին շնորհեցին առաջին աստիճանի Հայրենական Մեծ պատերազմի շքանշան հետմահու»,- տեղեկացրեց Հարությունյանը:


Աղավաղված լուրերը, թե Ադրբեջանը 140 հերոս է տվել, պայմանավորված են նաև նրանով, որ Բաքուն Ղարաբաղի հերոսներին, տարբեր շրջանների վերագրում է իրեն,, իբրև թե ադրբեջանցի զավակների, բայց իրականում Ադրբեջանն ունի 43 հերոս, որից 5-ն էլ քրդեր են: Եվ որքան էլ Բաքուն աղավաղի պատմությունը՝ հստակ է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մարշալ չի ունեցել:


«Բաղրամյանը, Բաբաջանյանը, Իսակովը և մյուսները, մեր հերոսներն ու կրկնակի հերոսները վկայությունն են, որ հայերի մասնակցությունը 1941-45թթ-ի պատերազմում ուղղակի անգնահատելի է»,- հավելեց մեր զրուցակիցը: