Գյումրիում «ուղղում են» Փաշինյանի նշած «թյուրիմացությունը». Սաղաթելյան
Լուսանկարը` 168.am
Գյումրու քաղաքապետի ձերբակալումը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, այլ «հարձակում ժողովրդի քվեի վրա», հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հատուկ գործողությունն ուղղակիորեն կապել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության հետ, որը Վարդան Ղուկասյանի ընտրությունը «թյուրիմացություն» էր անվանել և խոստացել «ուղղել» այն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ) Գյումրիի իրադարձությունները գնահատել է որպես քաղաքական հաշվեհարդար։ Սոցիալական ցանցի իր էջում նա հիշեցրել է երկու առանցքային փաստի մասին. նախ՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որոնցով հաղթել էր Վարդան Ղուկասյանը, դատական կարգով ոչ ոք չի վիճարկել։ Երկրորդ՝ ընդամենը երեք շաբաթ առաջ կառավարության ղեկավարը [Նիկոլ Փաշինյանը] ԱԺ ամբիոնից այդ ընտրությունն անվանել էր «թյուրիմացություն», որը «շտկվելու է»։
«Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ», — գրել է Սաղաթելյանը։ Նա իշխանություններին մեղադրել է Հայաստանում «ժողովրդավարության գլխավոր թշնամին» լինելու մեջ։
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել Գյումրու ավագանիում ներկայացված ընդդիմադիր ուժերին անել հնարավորը՝ «կանխելու համար իշխանության զավթումը» հանրապետության երկրորդ քաղաքում։
Ավելի վաղ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրու քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը և ևս վեց պաշտոնատար անձինք ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։