20.10.2025
Լուսանկարը` տեսանյութից սքրինշոթ
prev Նախորդ նորություն

Վատիկանը ողջունում է առաջընթացը. Փաշինյանը հանդիպել է Լևոն XIV Պապի հետ

Լուսանկրաը` primeminister.am
Լուսանկրաը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վատիկանում ընդունել է Հռոմի Պապ Լևոն XIV-ը։ Երկկողմ հարաբերություններից բացի, հանդիպման կենտրոնական թեման է դարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, որի ուղղությամբ արձանագրված առաջընթացը բարձր է գնահատվել Սուրբ Աթոռի կողմից։


Վատիկան կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Լևոն XIV Պապի հետ։ Այցը համընկել էր Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը, որին մասնակցել է Հայաստանի վարչապետը։


Հռոմի Պապը ջերմորեն ողջունել է այցը և ընդգծել Սուրբ Աթոռի ու Հայաստանի միջև պատմականորեն սերտ կապերը՝ առանձնահատուկ նշելով Մխիթարյան միաբանության դերակատարումը դրանց ամրապնդման գործում։


Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լևոն XIV-ին պապական գահին ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ սերտ երկխոսության ավանդույթն ու Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ Վատիկանի ուշադրությունը կլինեն շարունակական։


Քննարկման առանցքային մաս է դարձել տարածաշրջանային իրավիճակը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև հումանիտար հարցերը։ Նորին Սրբությունը ողջունել է գրանցված առաջընթացը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատումը կդառնա տարածաշրջանում համագործակցության և կայունության նոր դարաշրջանի սկիզբ։


Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ բարգավաճման և կայուն զարգացման։

Լուսանկար` 168.am
Հաջորդ նորություն next