27.10.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Բյուջե-2026-ը կզսպի «ավելցուկային պահանջարկը» տնտեսությունում. Մարտին Գալստյան

Լուսանկարը` ՀՀ ԿԲ
Լուսանկարը` ՀՀ ԿԲ

2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է «հակապարբերաշրջանային» քաղաքականություն, որը «թույլ զսպող ազդեցություն» կունենա համախառն պահանջարկի վրա։ Նման գնահատական հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։


Նրա խոսքով, սա կօգնի զսպել երկրում ձևավորված «որոշակի ավելցուկային պահանջարկը»։ Միևնույն ժամանակ, ԿԲ-ն բյուջեում ամրագրված հարկերի հավաքագրման պլանը համարում է «լավատեսական» և մատնանշում է էական արտաքին ու ներքին ռիսկերի առկայությունը։


Բյուջեի նախագծի քննարկմանը Գալստյանը նշեց, որ թեև նախորդ տարիների բարձր աճի կարճաժամկետ գործոններն աստիճանաբար չեզոքանում են, 2026 թվականի բյուջեն, թիրախավորելով 5.4% աճ, ճիշտ շեշտադրում է կատարում տնտեսական ներուժի ամրապնդման վրա՝ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում ներդրումների միջոցով։


ԿԲ նախագահն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի ցուցանիշը 24.9%-ի հասցնելու ծրագիրը «լավատեսական մոտեցում» է և վարչարարության բարձր արդյունավետություն կպահանջի։ Ընդհանուր առմամբ, և՛ եկամուտները, և՛ ծախսերը զսպող ազդեցություն են ունենալու պահանջարկի վրա։ Մասնավորապես, նախատեսվում է բյուջեի պակասուրդը կրճատել 1 տոկոսային կետով՝ հասցնելով այն ՀՆԱ-ի 4.5%-ին։


Մարտին Գալստյանը նաև ընդգծեց, որ 2026 թվականին կառավարության պարտքը կաճի մինչև ՀՆԱ-ի 53.5%՝ գերազանցելով 50%-ի սահմանաչափը։ Այս պայմաններում, նրա խոսքով, առանցքային նշանակություն է ստանում ոչ թե պարզապես կապիտալ ծախսերի ծավալը, այլ դրանց արդյունավետությունը, ինչը երկարաժամկետ կայունության հիմք կստեղծի։ Կենտրոնական բանկը, իր հերթին, կշարունակի գների կայունությանն ուղղված իր քաղաքականությունը։

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next