ԵՄ-ի հետ նոր օրակարգը պատրաստ է, հարաբերությունները՝ «գերինտենսիվ». Միրզոյան
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության նոր, ավելի հավակնոտ օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են՝ 99%-ից ավելի պատրաստ են, և փաստաթուղթը մոտ ժամանակներս կստորագրվի։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրյուսելի հետ հարաբերությունների դինամիկան բնորոշելով «գերինտենսիվ»։
Ըստ ԱԳ նախարարի՝ նախորդ օրակարգն իրեն սպառել է, իսկ հարաբերություններն այնքան արագ են զարգանում, որ փաստաթղթերը, որոնք քննարկվել են ընդամենը մի քանի ամիս առաջ, մինչև դրանց վերջնական պատրաստ լինելը «այլևս ակտուալ չեն»։
Նախարարը նաև առանձնացրեց համագործակցության նոր ոլորտներ, որոնք նախկինում «թերևս չէին էլ պատկերացվում»։ Մասնավորապես, արդեն մեկնարկել է անվտանգության և պաշտպանության հարցերով երկխոսություն, որը կենտրոնացած է Հայաստանի դիմակայունության ամրապնդման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի վրա։ Բացի այդ, վերջերս ստորագրվել է ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիր։
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ գործընթացը ընթանում է «բավականին արագ», և շատ մոտ ապագայում սպասվում է գործողությունների համաձայնեցված պլան։ Նա նաև պարզաբանեց, որ ԵՄ աջակցությունը չպետք է ընկալել միայն որպես դրամաշնորհ, այլ նաև որպես նպատակային օգնություն, օրինակ՝ Սյունիքի ենթակառուցվածքների զարգացմանը կամ ժողովրդավարության ամրապնդմանը, որն իրականացվում է տարբեր ներդրումային մեխանիզմներով։