1999 թվականի «27 հոկտեմբերի» ահաբեկչությունը մինչ օրս բացահայտված չէ իրավական համակարգի կողմից իրականացված նպատակաուղղված սաբոտաժի պատճառով, որը թույլ չի տվել գործին ընթացք տալ։ Ողբերգության հերթական տարելիցի օրը՝ հոկտեմբերի 27-ին, նման հայտարարություն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Զոհերի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ քննությունն ունեցել է բացահայտման բոլոր հիմքերը, սակայն պատասխանատու առանցքային դեմքերը մնացել են անպատիժ։
Անդրանիկ Քոչարյանը դժգոհություն հայտնեց ոչ թե կոնկրետ անձանցից, այլ «այն կառույցից», որը պետք է վերահսկեր բացահայտման գործընթացը։ Նրա խոսքով՝ քննության ձեռքում եղել են Գագիկ Ջանգիրյանի նախնական քննչական խմբի հավաքած «շատ լուրջ նյութերը», սակայն գործին դիտավորյալ ընթացք չի տրվել։ Նա ուղղակիորեն մատնանշեց, որ այն տարիների առանցքային դեմքերը, որոնք կարող էին լույս սփռել տեղի ունեցածի վրա, կա՛մ անհետացել են, կա՛մ մնացել արդարադատության տեսադաշտից դուրս։ «Ո՞ւր է Ալիկ Հարությունյանը։ Ո՞ւր է դատավոր Ուզունյանը»,- հարցադրում արեց Քոչարյանը։
Նա առանձնահատուկ քննադատություն հնչեցրեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հասցեին, որն այն ժամանակ գործով գլխավոր մեղադրողն էր։ Քոչարյանը հիշեցրեց, որ Հովսեփյանը քրեական հետապնդում է սկսել այն քննիչի նկատմամբ, որը «մոտեցել էր» ԱԱԾ-ի դերակատարության հետ կապված նուրբ դրվագների, մասնավորապես՝ «այն գիշերվա դրվագին, երբ Ալիկ Հարությունյանին հոգեմետ դեղ էին տալիս»։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, այսօր Աղվան Հովսեփյանը «թանկարժեք մեքենաներով է պտտվում»։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ավարտված է։ Փաստաթուղթը «գաղտնի» մակագրությամբ փոխանցվել է Ազգային ժողովի նախագահին և այժմ գտնվում է գաղտնի մասում։ Նա այս զեկույցը, «Մարտի 1»-ի և Ապրիլյան պատերազմի զեկույցների հետ մեկտեղ, անվանեց «մնայուն արժեք»՝ դասեր քաղելու համար։
Վերադառնալով 1999թ․ ողբերգությանը՝ Քոչարյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի հայտնի խոսքերը․ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ 28-ին»։ Նա ընդգծեց, որ այս ոճրագործության չբացահայտված լինելը շարունակում է թանկ նստել պետության վրա, մինչդեռ դրա բացահայտման բոլոր հիմքերն առկա են նաև այսօր։
Տեղեկանք․ Ահաբեկչություն Հայաստանի խորհրդարանում
1999 թվականի հոկտեմբերի 27-ին նախկին լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ահաբեկիչները կրակ բացեցին, ինչի հետևանքով սպանվեց ութ մարդ․ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը և պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանն ու Միքայել Քոթանյանը։
Ահաբեկիչները տասնյակ պատանդների պահեցին մինչև հոկտեմբերի 28-ի առավոտ, որից հետո հանձնվեցին իշխանություններին՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում։ 2003 թվականին զինված խմբի անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Սակայն այն հարցը, թե ովքեր էին ահաբեկչության իսկական կազմակերպիչներն ու պատվիրատուները, այդպես էլ շատերի համար պատասխան չստացավ և մինչ օրս մնում է Հայաստանի նորագույն պատմության ամենացավոտ ու վիճահարույց էջերից մեկը։