4.05.2026
Խաղաղության իմիտացիա․ ինչո՞ւ պաշտոնական Բաքուն չի մասնակցում Երևանի գագաթնաժողովին
prev Նախորդ նորություն

«Ստորություն է» վերլուծաբանը հակադարձում է Մակրոնի երևանյան պնդումներին

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը բուռն քննարկումների և փորձագիտական կոշտ հակադարձումների առիթ է դարձել։ Հայաստանի անցյալի մեկուսացման և ռուսական ազդեցության տակ լինելու մասին նրա պնդումները տեղացի վերլուծաբանների կողմից որակվել են որպես պատմական իրականության աղավաղում։


Մայիսի 4-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, թե ութ տարի առաջ Հայաստան ոչ ոք չէր այցելում, քանի որ երկիրը դե ֆակտո ընկալվում էր որպես Ռուսաստանի արբանյակ: Ըստ Մակրոնի՝ այսօր դեպի Երևան առաջին դեմքերի մակարդակով այցերի աննախադեպ հոսքը վկայում է միջազգային ասպարեզում Հայաստանի դերի և ընկալման արմատական դրական փոփոխության մասին:


Այս հայտարարություններին կոշտ է արձագանքել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ նշելով, որ մինչև 2018 թվականը ևս Հայաստանը վարել է չափազանց ակտիվ արտաքին քաղաքականություն: Որպես ապացույց նա հիշեցրել է նախկինում ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, ՆԱՏՕ-ի զորավարժությունների և Ֆրանսիայի նախկին նախագահներ Շիրակի, Սարկոզիի ու Օլանդի պետական այցերի մասին: Վերլուծաբանը հատուկ ընդգծել է, որ հենց 2018 թվականին է Երևանում կայացել Ֆրանկոֆոնիայի մեծ գագաթնաժողովը, որին անձամբ մասնակցել է նաև Մակրոնը:


Ըստ Բադալյանի՝ արևմտյան պաշտոնյաների ներկայիս հաճախակի այցերը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության բարձրացման, այլ աշխարհաքաղաքական նոր իրողությունների արդյունք են: Վերլուծաբանը պնդում է, որ Արցախի գործոնի բացակայությունն ազատել է եվրոպական երկրներին պատասխանատվությունից և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդացնելու ռիսկից։ Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրության ներկայիս ակտիվությունը պայմանավորված է բացառապես «Միջին միջանցքի» լոգիստիկ նախագծի շուրջ ընթացող պայքարով, որն իրականացնելու համար Արևմուտքն ակնկալում է, որ Երևանը պետք է գնա առավելագույն զիջումների Բաքվի հետ հարաբերություններում։


Արցախի ճակատագիրը վճռած գագաթնաժողովը


Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ընթանում է Երևանում մայիսի 4-ին: Բացի այդ, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կկայանա Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որտեղ Եվրոպական միությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։


Հենց այս ձևաչափի գագաթնաժողովի շրջանակներում էր, որ 2023 թվականին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։


Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշված առաքելության հետ այնքանով, որքանով դա իրեն կառնչվի։


Դրանից մի քանի ամիս անց Ադրբեջանն արգելափակեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ շուրջ ութ ամիս տարածաշրջանը պահելով տոտալ շրջափակման պայմաններում և թույլ չտալով այնտեղ մուտք գործել անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք: Շրջափակումն ավարտվեց 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններով, ինչը հանգեցրեց դեպի Հայաստան Արցախի բնակչության զանգվածային փախուստին (բռնագաղթին):