Երևանյան գագաթնաժողովում Ալիևը քննադատեց ԵԽ-ին և անմիջապես ստացավ կոշտ պատասխան
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահի ելույթը աչքի ընկավ եվրոպական կառույցների հասցեին հնչած կոշտ քննադատությամբ և տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ պնդումներով, ինչն անմիջապես արժանացավ Եվրախորհրդարանի ղեկավարության խիստ հակադարձմանը:
Դիմելով եվրոպացի առաջնորդներին՝ Իլհամ Ալիևը Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին մեղադրեց Ադրբեջանի դեմ ուղղված սադրիչ և հայամետ քաղաքականության մեջ: Որպես օրինակ նա վկայակոչեց 2021-ից 2026 թվականներն ընկած ժամանակահատվածում ընդունված տասնչորս բանաձևերը, որոնք, ըստ նրա, պարունակում են «բացահայտ սուտ և զրպարտանք»: Ի պատասխան այս գործողությունների՝ Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ մայիսից Միլի Մեջլիսը կսառեցնի բոլոր կապերը Եվրախորհրդարանի և Եվրանեսթի հետ՝ եվրոպացի պատգամավորներին հորդորելով դրա փոխարեն կենտրոնանալ Եվրոպայի հիմնարար խնդիրների՝ «միգրացիայի, մրցունակության անկման և իսլամաֆոբիայի վրա»:
Չնայած առկա հակասություններին, Ալիևը վստահեցրեց, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին՝ նշելով, որ «իրենք պարզապես վերականգնել են միջազգային իրավունքն ու տարածքային ամբողջականությունը»: Որպես դրական և խաղաղությանտանող տեղաշարժ՝ նա առանձնացրեց այն փաստը, որ Տիրանայում կայացած նախորդ հավաքի ժամանակ եվրոպական կողմի խնդրանքով ինքը միացել է երևանյան հարթակին, իսկ Հայաստանն էլ, իր հերթին, չի ընդդիմացել 2028 թվականի գագաթնաժողովը Բաքվում անցկացնելուն:
Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ Ադրբեջանի ղեկավարը շեշտեց, որ կողմերն արդեն ինն ամիս ապրում են խաղաղ պայմաններում և սկսում են քաղել դրա գործնական պտուղները: Այս համատեքստում նա հատուկ կարևորեց «Թրամփի ուղու» գործարկումը, որը Հայաստանի տարածքով կապելու է Նախիջևանը և դառնալու է Միջին միջանցքի առանցքային հատվածը:
Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարություններն անարձագանք չմնացին: Ելույթից անմիջապես հետո ձայնի իրավունք խնդրեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Նա վերահաստատեց, որ Եվրախորհրդարանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված մարմին է, որի որոշումներն ընդունվում են օրինական մեծամասնության կամքով: Մեցոլան ընդգծեց, որ թեև եվրոպական բանաձևերի արդյունքները կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, կառույցը երբեք չի փոխի իր աշխատակարգն ու որդեգրած ժողովրդավարական դիրքորոշումը: