1.05.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել և կասեցրել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ

Բաքվում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ, հայտնել է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը:


«Ադրբեջանական կողմը հանդիպման ժամանակ վճռականորեն դատապարտել է մեր երկրի վերաբերյալ անհիմն և կողմնակալ դրույթները, որոնք տեղ են գտել Եվրոպական խորհրդարանի ապրիլի 30-ի բանաձևում: Այդ կապակցությամբ դեսպանին հանձնվել է բողոքի նոտա», - ասված է հաղորդագրության մեջ:


Դրանում նշվում է, որ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման պարտավորություններին:


«Հանդիպմանը ընդգծվել է, որ Եվրոպական խորհրդարանի նման մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա», - հայտնել են գերատեսչությունից:


ԱԳՆ-ում հավելել են, որ բանաձևում տեղ գտած պնդումները հայերի՝ Արցախ վերադառնալու վերաբերյալ «բացարձակապես անհիմն են, իսկ նման կոչերը կրում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու բնույթ»:


Հաղորդվում է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով՝ համաձայն խորհրդարանի որոշման: