հակամարտությունը Մերձավոր Արևելքում ԵՄ-ի համար փակուղի է. Ֆոն դեր Լայենը Երևանում
Լուսանկարը` Yves Herman/Reuters
Աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Եվրոպական միությունը ստիպված է արմատապես վերանայել անվտանգության և էներգամատակարարման իր ռազմավարությունը:
Մայիսի 4-ին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անկեղծորեն խոստովանել է գլոբալ ճգնաժամերի առջև Եվրոպայի խոցելիությունը:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ վերջին չորս տարիները արտաքին գործոններից ԵՄ-ի տոտալ կախվածության ցավալի գիտակցման ժամանակաշրջան էին։ Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ հանածո վառելիքի ներմուծումը։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էներգետիկ ոլորտը վերածել է կրիտիկական խոցելիության՝ Եվրոպային մտցնելով փակուղի և համաշխարհային բարձր գների պատճառով լուրջ վնաս հասցնելով մրցունակությանը։
Այս ճգնաժամից ելքը Ֆոն դեր Լայենը տեսնում է սեփական ռեսուրսների, այդ թվում՝ հողմային, արևային, հիդրո և միջուկային էներգետիկայի զանգվածային անցման մեջ, ինչը մայրցամաքին պետք է ապահովի էժան, հուսալի և կանխատեսելի էներգիայով։
Երկրորդ կարևորագույն մարտահրավերն անվտանգության ոլորտն է։ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է զսպման հուսալի մեխանիզմների կառուցման և սեփական իրավունքների պաշտպանության խիստ անհրաժեշտությունը։ Պաշտպանական ոլորտում առկա բացերը լրացնելու նպատակով Եվրամիությունը նախատեսում է մինչև 2030 թվականը հատկացնել շուրջ 800 միլիարդ եվրո։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը հատուկ նշել է, որ անկախության ձգտումը չի նշանակում մայրցամաքի մեկուսացում: Ընդհակառակը, ԵՄ-ն շեշտը դնում է համախոհ գործընկերների հետ մատակարարման գլոբալ շղթաների ամրապնդման վրա՝ ակտիվորեն ընդլայնելով ազատ առևտրի համաձայնագրերի՝ աշխարհում խոշորագույն ցանցը Լատինական Ամերիկայի երկրների, Հնդկաստանի, Ավստրալիայի և շուտով նաև Մեքսիկայի հետ: