Մայրաքաղաքը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի՞. Դավիթ Բաբայանը բացահայտում է առաջիկա ծրագրերը
Ընդհանուր առմամբ Արցախի մայրաքաղաքը Ստեփանակերտից Շուշի տեղափոխելու հարցը քննարկվել է, սակայն ո՛չ այսօր, ո՛չ էլ մոտ հեռանկարում այն օրակարգային չէ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե ԱՀ խորհրդարանը Շուշի տեղափոխելուց հետո իշխանությունները մտադիր են նաև տեղափոխել մայրաքաղաքը:
Բաբայանի խոսքով, այս տեղեկատվությունը, որ տարածում են հարևան երկրի լրատվամիջոցները, հայատյացության և տեղեկատվական ոլորտում տեռորիզմի հերթական դրսևորումն է, ինչպես նաև սեփական քաղաքացիների նկատմամբ գործադրվող հոգեբանական ճնշում, քանզի իրականության մեջ նման պլաններ չկան:
«Եվ դա ոչ թե այն պատճառով, թե մենք խուսափում ենք Ադրբեջանի արձագանքից՝ այն մեզ ընդհանրապես չի հետաքրքրում: Պատճառները պրակտիկ դաշտում են. Ստեփանակերտը Արցախի խոշորագույն քաղաքն է, այստեղ է կենտրոնացած բնակչության զգալի մասը և գրեթե բոլոր պետական ու հասարակական կառույցները: Ստեփանակերտը ոչ միայն պետական, այլև մշակութային, դեմոգրաֆիկ կենտրոնն է: Եվ այսօր մայրաքաղաքը Ստեփանակերտից տեղափոխել այլ քաղաք ծրագրեր չկան»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Շուշիին, ապա Բաբայանը հիշեցրեց, որ այն Արցախի պատմական մայրաքաղաքն է և այսօր իշխանությունները մտադիր են այն վերածել գիտակրթական ոլորտի կարևորագույն քաղաքներից մեկը և վերադարձնել Շուշիին մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը: Արդեն իսկ մի շարք պետական ու հասարակական կառույցներ գործում են այստեղ՝ Մշակույթի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մի շարք բուհեր և այլն: Բայց սա ամենևին էլ չի նշանակում, կրկնեց նա, թե այս ամենին զուգահեռ դիտարկվում է Շուշին քաղաքական մայրաքաղաք դարձնելու հարցը:
Անդրադառնալով այն փաստին, որ մայիսի 8-ին Հայաստանն ու Արցախը տոնեցին Շուշիի ազատագրման 25-ամյակը, նա հիշեցրեց, որ դեռ տարեսկզբին նույն ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունն ու արտահանձնումը Բաքվին կնվազեցնեն հետաքրքրությունը Արցախի հանդեպ, սակայն վերջին օրերը լրիվ հակառակ պատկերը ի հայտ բերեցին.
Վստահաբար կարելի է ասել, որ Լապշինի արտահանձնումը առաջին հերթին վնասեց հենց Ադրբեջանի իմիջին, քանի որ Բաքուն հերթական անգամ ապացուցեց, որ հանդիսանում է ահաբեկչության, շովինիզմի և մարդատյացության ջատագով: Իսկ օտարերկրացիների հետաքրքրությունը Արցախի նկատմամբ ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է՝ ընդլայնելով աշխարհագրությունը: Եվ այն, որ վերջին օրերին ամբողջ հանրապետությունում ազատ հյուրանոցային համարներ գտնելն ուղղակի անհնար էր դրա վառ ապացույցն է: Եվ կարող եմ ամենայն վստահությամբ պնդել, որ նախկինում նման բան մեզ մոտ չէր եղել»,- հայտարարեց Արցախի հանրապետության նախագահի խոսնակը՝ հավելելով, որ սա ստիպում է իշխանություններին մտածել հյուրանոցային բիզնեսի զարգացման մասին, քանի որ թեև վերջին 10-15 տարիներին այն դինամիկ զարգացում էր ապրել, բայց, փաստորեն, դա բավարար չէ՝ Արցախի հանդեպ աճող հետաքրքրությունը բավարարելու տեսանկյունից: