23.11.2024
Կարեն Կարապետյանը պատրաստ է 2018-ից հետո մնալ վարչապետ ու դառնալ երկրի ղեկավար
prev Նախորդ նորություն

Ջրահեղձ եղած զինծառայողներից երրորդի՝ Ռուբեն Մնացականյանի մարմինը դեռ չի գտնվել. Հասրաթյան

Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայողներից երրորդի՝ Ռուբեն Մնացականյանի մարմինը դեռ չի գտնվել: Այս մասին VERELQ-ին ասաց Արցախի պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը:


Նա նշեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ հավելյալ տեղեկությունների դեպքում հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:


Ավելի վաղ VERELQգրել էր, որ մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:


Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ` զինծառայողների մահվան պատճառը պարզելու համար:


Ռուբեն Մնացականյանին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: