Ադիբեկյանի հարցման արդյունքներն անփոփոխ են՝ Տարոն Մարգարյանն առաջատարն է
Արդեն այս կիրակի տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները, որոնցում, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, Հանրապետական կուսակցությունն ու Տարոն Մարգարյանը շարունակում են մնալ առաջատար:
Ներկայացնելով ապրիլի 30-31-ը «Սոցիոմետր» կազմակերպության կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները նա նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, իսկ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի»-ն՝ 12 տոկոսը:
«Քվեարկության օրն առավելագույնը սպասվում է 57 տոկոս ակտիվություն, նվազագույնը՝ 47 տոկոս, բայց առավել օպտիմալ է, որ ընտրություններին կմասնակցի երևանցիների 49 տոկոսը»,- նշեց նա:
Ինչպես և նախորդ հարցման արդյունքները ներկայացնելիս, Ադիբեկյանը նշեց, որ չկողմնորոշվածները հիմնականում տատանվում են «Երկիր Ծիրանի»-ի և «Ելքի» միջև, մինչդեռ Հանրապետականի ընտրազանգվածը հստակ է: Այս իմաստով գրեթե անփոփոխ է մնացել այն երևանցիների քանակը, որոնք գտնում են, որ Տարոն Մարգարյանի օրոք Երևանում «դրական փոփոխություններ են եղել և ավելի է լավացել», որը քաղաքապետ Մարգարյանի շնորհքն է: Այդպիսիք հարցվածների շրջանում 67 տոկոս են կազմում: Իսկ 14 տոկոսն էլ ասել է, որ «վատ է եղել», 19 տոկոսը գտնում է, որ Երևանում Տարոն Մարգարյանի օրոք իրավիճակը «ավելի է վատացել»: