ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 20-ամյա զինծառայող է զոհվել
Այսօր առավոտյան ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է զոհվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մայիսի 10-ի առավոտյան ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի (ծնված 1997թ., Էջմիածնի զ/կ) ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նախնական տվյալներով՝ Մեսրոպյանը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Ստացած հրազենային վիրավորումից նա մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:
Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։