ՀԱՊԿ-ը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով որոշում է ընդունել ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Որոշումը ներկայացվում է ստորև.
«Լսելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի տեղեկատվությունը վերջին տարիներին հավաքական անվտանգության գոտու հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ և կոչ է անում զերծ մնալ ցանկացած հայտարարություններից և գործողություններից, որոնք կբերեն տարածաշրջանում լարվածության աճի:
Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարությունում և միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»: