Կառավարությունը քննարկում է հարկման համակարգերի վերանայումը․ ի՞նչ է առաջարկվում
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը քննարկում է հարկման համակարգերի վերանայման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ավելի հավասարաչափ բաշխել հարկային բեռը, պարզեցնել փոքր բիզնեսի վարչարարությունը և ապահովել մրցակցային հավասար պայմաններ։
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հարկային քաղաքականության փոփոխությունների հիմնական ուղղություններն ու առաջարկությունները։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հարկման համակարգերի վերանայումը կառավարության հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նախաձեռնությունը պետք է նպաստի տնտեսության թափանցիկության բարձրացմանը, գործարքների պատշաճ փաստաթղթավորմանը և հարկային բեռի ավելի արդարացի բաշխմանը։
Ինչպես նշվում է կառավարության տարածած հաղորդագրությունում, փոփոխությունների նպատակներից է «խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով հարկային արդարությունն ու հավասար մրցակցային պայմանները»։
Առաջարկվող հայեցակարգը նախատեսում է նաև վերանայել հարկման տարբեր համակարգերի փոխհարաբերակցությունը՝ դրանց կիրառումն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարկման համակարգերի գործող կառուցակարգերը, տնտեսական գործարքների սխեմաները, հարկային կարգապահության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև փոխկապակցված անձանց և կազմակերպությունների որոշման հստակ չափանիշների ներդրումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կայուն տնտեսական աճին նպաստող եկամտային քաղաքականության իրականացումը և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը։ Նա հանձնարարել է շարունակել աշխատանքները քննարկված ուղղություններով։
Կառավարության հաղորդագրությունում չեն հստակեցվում, թե նախատեսվող փոփոխություններն ինչպես կանդրադառնան հարկային դրույքաչափերի, հարկման տարբեր համակարգերի կիրառման պայմանների և դրանցում ընդգրկված տնտեսվարողների վրա։ Չեն նշվում նաև հնարավոր փոփոխությունների իրականացման ժամկետները։