28.11.2024
Ինչպես է սկսել դժոխքը. հրապարակվել են Կեմերովոյում հրդեհի բռնկման առաջին կադրերը
prev Նախորդ նորություն

Լուրջ մի վերաբերվեք. Զատուլինը Ալիեւի՝ Երեւան վերադառնալու հայատարարության մասին

Ադրբեջանի նախագահը թուլացրեց իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ այդ թվում անելով Երեւան ու Զանգեզու վերադառնալու մասին հայտարարություններ: Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ արված հայտարարություններն ուղղված էին ներքին լսարանին:


Այս մասին Երեւանում մարտի 26-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նա խնդրեց, լուրջ չվերաբերել այդ հայտարարություններին, քանի որ կարծում է «այդտեղ մեկնաբանելու բան չկա»:


Բանախոսներն անդրադարձան միջխորհրդարանական համագործակցությանը եւ հայ-ռուսական հարաբերություններին: Զատուլինը եւս մեկ անգամ հաստատեց ռուսական մոտեցումը Արցախի հարցում՝ նշելով, որ իրենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին անդրադառնալով, Զատուլինը նշեց, որ «Հայաստանին ուղղված ցանկացած սպառնալիք կամ հարձակում Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք իրեն, եւ՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համապատասխան հոդվածների կիրառման հիմք»:


Լրագրողները հետաքրքրվեցին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի գործընթացի շարունակությամբ, ինչպես նաեւ Ալիեւի՝ Երեւանի եւ Զանգեզուրի հանդեպ նկրտումների հարցով եւ այս առիթով Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին հարցերով:


Զատուլինը պատասխանեց, որ ՌԴ-ից Ադրբեջանին զենքի վաճառքը շարունակվում է նախօրոք կնքված պայմանագրերի հիման վրա: Բացի դրանից, խոսքը գնում է հասարակ սպառազինության եւ պաշտպանական միջոցների մասին, այլ ոչ թե ժամանակակից միջոցների մասին, որոնք, ռուս խորհրդարանականի խոսքով, «մատակարարվել են Հայաստանին` Ադրբեջանից տարբերվող պայմաններով»:


Նա վերահաստատեց, որ Ռուսաստանը կատարելու է պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի նկատմամբ ունեցած իր դաշնակցային պարտավորությունները: Կոնստանտին Զատուլինը նաև ասաց, որ այդ հարցում լրացուցիչ անգամ համոզվել են՝ երեկ այցելելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազա։


«Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում հետագայում ևս Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ դիտարկելու է որպես վտանգ իր՝ Ռուսաստանի իր նկատմամբ: Մենք հասկանում ենք, որ 2016թ.-ի բռնկումից հետո, որը սադրել էր կողմերից մեկը, հայկական կողմը դժգոհ էր նրանից, որ Ռուսաստանի Դաշնությունն սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանը չգտավ այդ զենքի կիրառության այլ տարբերակ, քան՝ խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում: Մենք հետևություններ ենք արել այս ամենից», - հայտարարեց Կոնստանտին Զատուլինը։


«Ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը նրա վրա, որ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել ժամանակակից պաշտպանության միջոցներ, որոնք հույս ունեմ կտեսնեք շքերթի ժամանակ»,- հավելեց նա:


Անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին՝ Զատուլինը նշեց, որ «Ադրբեջանի նախագահը թուլացրեց իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ նման հայտարարություններ անելով»: Ըստ Զատուլինի, նախագահական ընտրություններին ընդառաջ արված հայտարարություններն ուղղված էին ներքին լսարանին: «Խնդրում եմ, լուրջ մի վերաբերվեք դրան, կարծում եմ այդտեղ մեկնաբանելու բան չկա»,- նշեց ռուսական պատվիրակության նախագահի տեղակալը:


Համատեղ ասուլիսից հետո լրագրողները շարունակեցին հարցեր ուղղել Զատուլինին:


Նրան խնդրեցին մեկնաբանել տարածված կարծիքը, ըստ որի՝ Թուրքիան գրավել է Աֆրինը Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, եւ մտավախությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն կրկնել այդ սցենարը Արցախում՝ ստանալով ՌԴ լուռ համաձայնությունը ռազմական գործողություններ սկսել: «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցով մենք չենք խորհրդակցում Թուրքիայի կամ որեւէ մեկի հետ: Դրա համար ո՛չ առիթ, ո՛չ պատճառ չկա»,- ասաց Զատուլինը:


Անդրադառնալով Թուրքիայի՝ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ գործողություններ կատարելուն, Զատուլինը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն այդ աստիճան առաջնորդող դեր չունի Թուրքիայի համար, որ արգելի կամ թույլ տա որեւէ բան:


«Թուրքիյում լավ գիտեն Հավաքական անվտանգության պայմանագրի մասին, այդ իսկ պատճառով Հայաստանին սպառնացող որեւէ ռազմական վտանգ Թուրքիայի կողմից ես չեմ տեսնում»,- ասաց Զատուլինը: Նա բացառեց Աֆրինի սցենարի կրկնությունը Արցախում, թեեւ ընդունեց, որ կա խնդիր, որը, սակայն պետք է լուծել խաղաղ ճանապարհով: