25.11.2024
Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կեմերովոյի «էխոն». ԱԻՆ-ը հրդեհատեխնիկական հետազոտություն է անցկացնում «Երեւան մոլում»

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն այս պահին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացնում Երեւանի «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում: Այնտեղ աշխատանքներն ավարտելուց հետո նախարարության մասնագետները նույն նպատակով այցելելու են նաեւ «Դալմա մոլ»:


ԱԻՆ լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցին, ասացին, որ այս ստուգումները պլանային են եւ կապված չեն Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ:


Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018թ. սկզբից մինչ օրս ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն):


Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով:


Նշենք, որ ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյում ողբերգության հետեւանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։ Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։