VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ: Այն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Նույն այդ տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների, որոնց թվում, նախնական տեղեկություններով, նաեւ կին կա: Ըստ նույն աղբյուրների՝ խումբը գործել է ավելի քան 1 տարի: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, սակայն մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խնդրեց հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ կայքում այս «օպերացիայի» մասին տեղեկություն չկա»:
Նույն թերթը տեղեկացնում է. «Շուտով Սահմանադրական դատարանից հեռանալու է եւս մեկ հնաբնակ: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 12-ին լրանում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան հակոբյանի կենսաթոշակի տարիքը: Հակոբյանն այս պաշտոնին է 1996 թվականից՝ 22 տարի: «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ ունի, որ ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին առաջարկել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ըստ մեր աղբյուրի, Բաբայանն ընդունել է առաջարկը»:
«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, չնայած ցանկություն չունի նորից նույն գետը մտնելու, այսինքն, ընդդիմադիր պայքարի դուրս գալու, բայց չի էլ համակերպվում իր պաշտոնաթող վիճակին: Դրա ապացույցն է նաեւ այն, որ առիթը բաց չի թողնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատելու:
Մեր տեղեկություններով, նեղ շրջապատում Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, թե պաշտոնից հեռանալուց հետո ոչ մի բարեփոխում չի եղել համակարգում, պաշտպանության նախարարության այսօրվա բոլոր գործարքները կնքվել են իր պաշտոնավարման տարիներին: Կադրային հարցերում էլ Օհանյանը մեծ վերապահումներ ունի, դժգոհ է, որ ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից հեռացված զինվորական պաշտոնյաներին նորից համակարգ են վերադարձրել: Նախկին նախարարը չի ընդունում նաեւ Ազգ-բանակ հայեցակարգը:
Սեյրան Օհանյանը հավանաբար «մոռացել» է, թե ապրիլյան պատերազմից հետո որքան բացթողումներ, չարաշահումներ ու խնդիրներ դուրս եկան ջրի երես, իսկ պաշտպանության նախարարն այդ ժամանակ, ի դեպ, հենց ինքն էր։ Այստեղ են ասել` սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի սիրտը պաշտոն է ուզում, այն էլ՝ մշակույթի նախարարի: Ընկեր Աղվանը բազմաթիվ առիթներով հայտարարում է, որ ինքը մեծ վարկեր ունի, որոնք կարող է փակել միայն նախարարական պաշտոն ձեռք գցելու միջոցով: Ընկերները կարող են իսկապես ընդառաջել Վարդանյանին, որովհետեւ հին ընկերները չեն դավաճանում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ապրիլին սպասվող վերադասավորումներին ուշի ուշով հետեւում են ոչ միայն իշխանական ուժերը, այլեւ իշխանությունից «փայ պոկելու» ախորժակ ունեցող ընդդիմադիրները: «Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին ոմանք խիստ շահագրգիռ են իշխանության հետ կոալիցիա կազմելու հեռանկարով: Բաղրամյան 26-ում ԲՀԿ-ի «իշխանականացման» հավանականությունը դիտարկվել է, սակայն անմիջապես հետ են կանգնել այդ մտքից, քանի որ, նախ եւ առաջ, խորհրդարանի վերաձեւավորման խնդիր է առաջանում, ինչն այս պահին հարկավոր չէ ՀՀԿ-ին: Որպեսզի եւ՛ «գառները ողջ լինեն», եւ՛ «գայլերը կուշտ», իմա՝ եւ՛ ծառուկյանականներին գոհացնեն, եւ՛ խորհրդարանում ՀՀԿ-ն ունենա բավարար քանակի ընդդիմություն, այլ տարբերակ են մտածել: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Այցերը եւ նման հայտարարությունները պատահական չեն: Դրանց ուղերձը մեկն է` Հայաստանն արժեքավոր գործընկեր է եւ հաշվի է առնվում Ռուսաստանի կողմից»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովի, ապա՝ Կոնստանտին Զատուլինի Երեւան կատարած այցերին մեկ ամսվա ընթացքում:
Մալաշենկոն, ով վստահ էր, որ չնայած ՀՀ իշխանությունների դժգոհություններին, Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը շարունակվելու է, այս հռետորաբանության ներքո դիվանագիտություն է նկատում: Ըստ նրա, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պահանջի դեպքում Ռուսաստանը մերժի զենք վաճառել, հատկապես, երբ Ռուսաստանի համար դժվար ժամանակներում սպառազինության վաճառքը մեծ եկամուտներ է ապահովում:
Մալաշենկոյի կարծիքով, ռուս-ադրբեջանական բոլոր նախկին գործարքներն ավարտվել են, նոր առաջարկներ դեռ չկան կարծես, եւ Ռուսաստանը կարող է փորձ անել մեղմել Հայաստանում տիրող կոշտ հակառուսական տրամադրությունները, որոնք պայմանավորված են նաեւ այս խնդրով: Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն այն կարծիքին է, որ Ռուսաստանի Պետդուման ակտիվացրել է այցերը ՀՀ ԱԺ, քանի որ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ում: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է բոլոր դեպքերում վերահսկել իր գործընկերների շփումները Միացյալ Նահանգների հետ, քանի որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն այսօր այնքան էլ դրական փուլում չեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլեւս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Նա նաեւ հավելել է, թե ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինությունների մատակարարման մասին պայմանագրերը երկարաժամկետ էին եւ ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: «Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք կատարել մեր պայմանավորվածությունները դեռ այդ դեպքերից առաջ ստորագրված պայմանագրերի հիման վրա»: Հատկանշական է փաստը, որ Հայաստանում Վոդոլացկին ու մյուս խորհրդարանականները պնդում են, թե Ադրբեջանին զենք չեն վաճառի, մինչդեռ ՌԴ գործադիրի ներկայացուցիչները` փոխվարչապետների գլխավորությամբ, բազմիցս ասել են, որ դա ընդամենը իրենց բիզնեսն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված խնջույքի ժամանակ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նստած է եղել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ նույն սեղանի շուրջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի հարեւանությամբ: Այս փաստը շատերը բացատրում են Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունների ջերմացմամբ, ինչը պայմանավորված է նախեւառաջ Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ»: