4.11.2025
Մենք չենք կարող Ալիևին փոխել, բայց կարող ենք հեռացնել Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ինչու է Ալիևը «քաշում» Նիկոլ Փաշինյանին

Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում այն մասին, որ արդեն խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի հետ, որքան շատ է Նիկոլն Ալեն Սիմոնյանի շուրթերով կողմ արտահայտվում ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, որքան մեծ էնտոզիազմով է Նիկոլը Տավուշի մարզպետի շուրթերով հայտարարում, որ այդ մարզում ադրբեջանական հողեր կան և պետք է վերադարձվեն, այնքան ավելի է բացվում Ալիևի ախորժակը։


Ալիևն արդեն հասել է Սևանին։ Մեր լճին ադրբեջանական անվանում տալով՝ հայտարարում է, որ այն պատմականորեն իրենցն է եղել։ Եթե այս ամենին ավելացենք այն, որ Ալիևը Հայաստանը համարում է «արևմտյան Ադրբեջան», ապա պատկերն ամբողջական կդառնա։


Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ալիևը պայթեցնում Նիկոլի՝ Հայաստանում փչած փուչիկը «խաղաղության» մասին։ Չէ՞ որ Նիկոլը բավարարում է իրենց բոլոր պահանջները։ Չէ՞ որ Նիկոլի «4–րդ հանրապետությունը» հենց «արևմտյան Ադրբեջանն» է և Բաքվում դա լավ գիտեն։ Նիկոլն ընդամենը ժամանակ է խնդրում Բաքվից ու Անկարայից, որպեսզի իրեն աջակցեն, ինքը 2026–ին վերարտադրվի և հետո անցնի գործի։ Էրդողանը համաձայն է դրա հետ, Ալիևը՝ ոչ։ Ալիևը չի ուզում ժամանակ ձգել ու «ֆոռա» տալ Նիկոլին, քանզի (թող զարմանալի չթվա) շատ ավելի լավ կարծիքի է հայ ժողովրդի մասին, քան Նիկոլը և Էրդողանը։


Նիկոլը համոզված է, որ եթե Ալիևը իրեն թուղթ տա, ապա ինքը խաբելու է հայ ժողովրդին «խաղաղության» այդ թղթով ու գնալու է իշխանավարման 3–րդ ժամկետի։ Դրանից հետո Նիկոլը կբավարարի Ալիևի ու Էրդողանի բոլոր ցանկությունները։ Էրդողանն այդ պլանին հավատում ու աջակցում է։ Ալիևը հակառակ կարծիքի է։ Նա չի հավատում, որ Նիկոլը կարող է վերարտադրվել։ Դրա համար էլ շտապում է, ճնշում է Նիկոլին, որպեսզի վերջինս արագացնի իրենց պայմանավորված միջանցքի հանձնման աշախատանքները։


Նիկոլի ասածը Թուրքիային ու Ադրբեջանին, ըստ էության, հետևյալն է․ «Եկեք օգնեք աթոռս պահեմ, հետո Հայաստանը հանձնեմ այնպես, ինչպես Արցախը հանձնեցի 2021–ի խորհրդարանական ընտրություններից հետո»։ Ալիևը ցույց է տալիս, որ չի հավատում խորհրդարանական ընտրություններում Նիկոլի հաղթանակին։ Դրա համար էլ սեղմում է նրան, որ հիմա ստանա իր ուզածը։ Ալիևը նաև չի հավատում Էրդողանի պլանին, ըստ որի՝ կարելի է Հայաստանը Նիկոլի ձեռքերով կամաց–կամաց գրավել։


Ալիևի ու Էրդողանի վեճը նաև դրա շուրջ է։ Ալիևը համոզված է, որ Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալու Թուրքիային գրավել Հայաստանը, հետևաբար՝ պետք է Նիկոլից հիմա ստանալ այն ինչ հնարավոր է ու հետագայում փորձել բանակցել Հայաստանի հաջորդ իշխանության հետ ինչ-որ կոմպրոմիսի շուրջ։


Փաստորեն Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, անկեղծ է հայ ժողովրդի հետ ու չի թաքցնում, որ ուզում է գրավել մեր երկիրը կամ առնվազն «Զանգեզուրի միջանցք» պոկել։ Սևանի թեման հենց միջանցքի համար է։ Համ էլ՝ Ալիևի ախորժակն ուտելիս է բացվել։ Հայ ժողովուրդն առայժմ գործոն է ու կարող է վիճակ փոխել՝ մերժելով ՔՊԿ–ին ու դրան կցվածներին։


«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյան


 

Արցախի ղեկավարների ազատությունը պիտի դառնա խաղաղության գործընթացի պարտադիր պայման
Հաջորդ նորություն next