1.05.2026
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին
prev Նախորդ նորություն

Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը. ՄԻՊ-ի ուղերձը Մայիսի 1-ի առթիվ

Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումն ու այդ առումով առկա օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը: Ասված է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։


«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:


Այս խորհրդանշական օրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուրիս կյանքում և ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը։


Չնայած իրականացվող քայլերին՝ մեր երկրում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը, ինչպես նաև արդար և համարժեք վարձատրության երաշխավորումը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի դիմաց։


Պահպանվում են նաև խնդիրներ՝ կապված աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման հետ։ Անհրաժեշտ է առավել նպատակային քայլեր ձեռնարկել կանանց զբաղվածության խթանման ուղղությամբ։


Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական և մատչելի աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության երաշխավորման ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։


Պետության առանցքային պարտավորությունն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ կապահովվեն հավասարությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր անձ կունենա իր ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն։


Առաջնահերթ խնդիր է նաև գործադուլի իրավունքի երաշխավորումն ու այդ առումով առկա օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը:


Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողության գործիքները և բարձրացնել ինչպես աշխատողների, այնպես էլ՝ գործատուների իրազեկվածությունը։


Սիրելի՛ հայրենակիցներ,


Մաղթում եմ ձեզ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք՝ արժանապատիվ և անվտանգ պայմաններում՝ կարևորելով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում հետևողական և տեսանելի առաջընթացը»։

Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Հաջորդ նորություն next