Մարտի 26-ին Ժնեւում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:
Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով անդամության հաստատման համար` Ասոցիացիային ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեությունը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի եւ Ազգային ժողովին են փոխանցվում լրացուցիչ գործառույթներ ու պատասխանատվություն: Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմը բարեփոխվում է` նոր իրողությունների պայմաններում որակյալ եւ լիարժեք աշխատելու ու զարգանալու համար:
«Ասոցիացիային անդամակցությունը ճիշտ ժամանակին է: Մենք համոզված ենք, որ կունենանք մեր գործընկերների աջակցությունը, կկարողանանք ուսումնասիրել եւ կիրառել նրանց առաջատար փորձը, հատկապես խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման եւ արհեստավարժ ժամանակակից վերլուծական ծառայության կայացման ու զարգացման հարցերում»,-ասել է Արա Սաղաթելյանը:
Գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ Հայաստանը պատրաստ է կիսել սեփական դրական փորձը՝ սկսած թվային փաստաթղթաշրջանառության ամբողջական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումից մինչեւ թափանցիկության ապահովման միջոցների ու օրենսդրական գործընթացում հանրության ներգրավվում:
Արա Սաղաթելյանի խոսքով՝ բարդ եւ հակասական տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության համար ժողովրդավարությունը հիմնական ներուժ է: Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվել են լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, անցկացվել են անթերի խորհրդարանական ընտրություններ եւ շուտով անցում կկատարվի ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգին:
«Զարգացման այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է մեր գործընկերների քաղաքական եւ փորձագիտական աջակցությունը, ովքեր հասկանում են մեր սկզբունքները եւ կիսում մեր արժեքային գերակայությունները»,-նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:
Նրա գնահատմամբ՝ այս աջակցությունը մեզ տալիս է անհրաժեշտ ազդակներ ազատությունների ամրապնդման եւ նոր բարեփոխումների իրականացման համար, որի հիմքում պառլամենտարիզմի եւ խորհրդարանների զարգացումն է:
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին նշել է, որ խորհրդարանների գլխավոր քարտուղարների կառույցն ամենահինն է աշխարհում, մի վայր է, որտեղ հանդիպում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են աշխատակազմի գործունեության համար, աջակցում են խորհրդարանականներին, կարող են հանդիպել իրենց գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարն ակտիվ մասնակցություն ունենա կառույցի գործունեությանը, որպեսզի նպաստավոր լինի անդամակցությունը: Վոյչեկ Սավիցկին ողջունել է Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային ժողովի անդամակցությունն Ասոցիացիային:
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբն իր խոսքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին՝ նշելով, որ իր համար հաճելի էր լինել Հայաստանի խորհրդարանում, հանդիպել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: Նա կարեւորել է այն փաստը, որ Արա Սաղաթելյանն Ասոցիացիայի վարչության կազմում է:
«Հաճելի է, որ Հայաստանը դարձել է Ասոցիացիայի անդամ: Դա մեծ քայլ է միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար»,-ասել է Ֆիլիպ Շվաբը: