ՀԷՑ-ի խնայողություններից $6,5 մլն ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը
                    
                    
                        
                                    
                                    
                        
                     
                    
                    ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից ևս 6,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ ուղղվեցին վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Այսպիսով՝ բացի ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորությունների ընթացիկ պլանային մարումներից (մայր գումար + տոկոսագումարներ), ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո վաղաժամկետ մարվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար վարկային պարտավորություն (վարկի մայր գումար)։
Այս պահին «ՀԷՑ» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները կազմում են 376,6 մլն ԱՄՆ դոլար, որից միջազգային բանկերին՝ շուրջ $ 116,2 մլն։
Հուլիս ամսվա ավարտին (վարույթի նախաձեռնման սկզբին) ՀԷՑ-ում առկա էր շուրջ 396,8 ԱՄՆ դոլարի չափով պարտավորություն, որից միջազգային բանկերին՝ $ 123,3 մլն:
Աներկբա է՝ ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ (գնումներ, մատակարարումներ, կապալի աշխատանքներ, պահպանման ծախսեր և այլն) բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարված/մատուցված աշխատանքների/ծառայությունների կատարողական ակտերի։
Հավելեմ նաև, որ իմ նշանակումից ի վեր ՀԷՑ-ն իսպառ դադարեցրել է որոշ արտոնյալ մենաշնորհային դիրք ունեցող մատակար և կապալառու ընկերությունների միլիարդավոր ՀՀ դրամի կանխավճարների տրամադրումը՝ ի հաշիվ սեփական ֆինանսական պարտավորությունների ծանրաբեռնվածության։
ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- նշված է գրառման մեջ։