Երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է. ԿԲ
2025 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է՝ սեպտեմբերին կազմելով 3.7%: Ինչպես հայտնում են ԿԲ–ից, այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3.5%:
2025 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ անորոշությունը դեռևս առկա է անորոշություն:
Միջնաժամկետում ԱՄՆ-ի պետական պարտքի մեծացման պայմաններում բարձր է մնում երկարաժամկետ տոկոսադրույքների աճի շուրջ անորոշությունների մակարդակը: ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը:
Այդուհանդերձ, ԱՄՆ-ում ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա:
Միևնույն ժամանակ, Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են:
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային գների աճը որոշակիորեն մեղմվել է։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ:
Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները: