23.12.2024
Հարկային նոր օրենսգիրքը՝ տապանաքար Հայաստանի խորտակվող  տնտեսության համա՞ր
14.06.2016
Հարկային նոր օրենսգիրքը՝ տապանաքար Հայաստանի խորտակվող տնտեսության համա՞ր

Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում է Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, որը ընդդիմադիր հատվածի հերթական քննադատության ալիքը բարձրացրեց: Այն աստիճան, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե Հարկային օրենսգիրքն ընդունվի այն տեսքով, որով ներկայացվել է ԱԺ քննարկման, ապա կարելի է մի հատ գրանիտից տապանաքար դնել Հայաստանի տնտեսության վրա և գրել՝ վախճանվեց անփառունակ մահով: «Այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը: Պարզ է, թե ինչի համար է բերված նախագիծը, ընդամենը հարկերը քամելու համար»,- հայտարարեց պատգամավորը: ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ևս կոշտ քննադատության ենթարկեց Կառավարությանը նման նախագիծ ներկայացնելու համար: Ըստ պատգամավորի՝ այս ամենը դիվերսիա է քաղաքական մեծամասնության համար, որը պատրաստվում է ընտրությունների, իսկ Հարկային նոր օրենսգիրքը կբերի արտագաղթի աճին: «Քաղաքական մեծամասնությանը չի հաջողվի իրականացնել իր ծրագրերը, այս դիվերսիան կկանխվի»,- վստահություն հայտնեց Արսենյանը՝ շեշտելով,մ որ սա ուղղակի ճանապարհ է քայքայելու բիզնեսը Հայաստանում: Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ նման նախագիծը կստիպի մարդկանց դուրս գալ փողոց և ինքն էլ դրան կաջակցի. «Գիտեք՝ մեր կուսակցության անդամների մի մասը պայքարում էր «Դեմ եմ» շարժման շրջանակում, մենք մարդկանց հանելու ենք փողոց՝ այս օրենսգիրքը պետք է տապալվի»,- հայտարարեց նա: Հիմնական դժգոհությունը, որ առաջ են քաշում օրենսդիրները օրենսգրքի հետ կապված այն է, որ առաջարկվում է ներառել եկամտային հարկի նոր դրույքաչափերը: Ըստ այդմ՝ չնչին չափով նվազում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս: Փոխարենը՝ 120.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում ներկայիս 26 տոկոսը կաճի՝ տատանվելով 28-ից 33 միջակայքում: Սա, ըստ պատգամավորների, խորացնելու է հասարակության բևեռացումը և վերջնականապես խաչ քաշելու Հայաստանում միջին խավ ունենալու հեռանկարի վրա: Բացի այս, Հարկային օրենսգիրքը հարկային փոփոխություններ է ենթադրում, որոնք նախևառաջ հարվածելու են փոքր և միջին բիզնեսին, իսկ խոշորները, ըստ պատգամավորների, դարձյալ մնալու են անձեռնմխելի ու արտոնյալ: Սակայն ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ Կառավարության նպատակն է հակառակը՝ խրախուսել տնտեսության զարգացումը, բերել տնտեսական աճի և հնարավորինս խուսափել սոցիալական լարվածությունից: Նա նաև նշեց, որ պատրաստ են պատգամավորների հետ քննարկել բոլոր առաջարկությունները և լսել առարկությունները, բայց մեկ վերապահումով՝ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը պետք է ընդունվի առաջին ընթերցմամբ և դրանից հետո միայն կլինեն քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ: Սա ևս, ինչպես հասկանալի է, հարուցեց պատգամավորների դժգոհությունը: Արդյունքում խորհրդարանական բոլոր խմբակցությունները, բացառությամբ ՀՀԿ-ի, հայտարարեցին, որ դեմ կքվեարկեն նախագծին: