VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռեւս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք կար: Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին եւ պատրաստ վնասազերծել հարձակվողներին: Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհելու գաղափարից: Կասկածներ կան, որ զրահամեքենան զորամասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգուշացրել է իրենց պլանի ձախողման մասին: Ըստ մեր աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ով դեռեւս կալանավորված չէր»:
Նույն թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձեւավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից: Թեեւ ի սկզբանե որոշված էր, որ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ծրագրի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքը եւս կարող է մաս կազմել կոալիցիային, սակայն «Ելք»-ի պառակտման հնարավորությունը չեղարկում է այդ ծրագիրը: Եթե «Ելք» դաշինքը իսկապես պառակտվի, իսկ ամեն ինչ տանում է դրան, ապա «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը ընդհանրապես կվերացնի խորհրդարանական ընդդիմությունը, ինչը ձեռնտու չէ նաեւ իշխանությանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) Սյունիքում եւ կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ եւ այլն: Նրան պատկանող գազալցակայաններն ու հյուրանոցներն արդեն նոր տերեր ունեն: Աղբյուրի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը չի վաճառել միայն իր առանձնատունն ու հանքերը: Նրա առանձնատանը ոչ ոք չի բնակվում: Մեր տվյալներով՝ տունը հսկում են ոստիկանները: Ս. Խաչատրյանը ամսական մոտ 600000 դրամ է վճարում պահպանության համար: Մարզում նա գրեթե չի լինում: Պատրաստվում է չվել արտասահմա՞ն՝ կուտակած փողերը բիզնեսի մեջ դնելու, թե պարզապես խուսափում է Սյունիք վերադառնալ, առայժմ «Փաստը» չկարողացավ ճշտել. բաժանորդն անհասանելի էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած «դեմ» քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանին հարցրինք` Դուք ինչո՞ւ չեք ցույց տալիս Ձեր նկարածը, կարո՞ղ է «կողմ» եք քվեարկել։ «Քվեարկել եմ կուսակցության որոշման համաձայն»,- ասաց նա: Ասում են՝ «Ելքի» լիդերներն իրար հետ այն չեն, միմյանց նկատմամբ «նեպրիյազն» ունեն, ողջ օրը «կռիվ» են անում: «Կուսակցությունում շատ լավ, աշխատանքային մթնոլորտ է, եւ էն, ինչի շուրջ մենք համաձայն ենք, դա հրապարակային է, ինչի շուրջ համաձայն չենք, նույնպես հրապարակային է»,- ասաց Փաշինյանը: Իսկ առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ներքաղաքական ֆորս-մաժորը։ «Ֆորս-մաժոր՝ նշանակում է անհաղթահարելի իրավիճակ, վիճակ, որը հնարավոր չէ կանխատեսել, հետեւաբար՝ կանխատեսել անկանխատեսելին նույնպես հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ փողոցային պայքարում իրենց համար անընդունելի են բռնության կոչերը, ոչ քաղաքական զարգացումները»:
Նույն թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ նշանավորվեց ՀՀԿ-ականների բոյկոտով։ Նրանց աթոռներին հատուկենտ պատգամավորներ էին նստած։ Օլիգարխիայի շարքում միայն վարչապետի հովանավորյալ Գազի Անդոն էր՝ Անդրանիկ Հարությունյանը, անգամ կարենավագյանական կալիբրի ՀՀԿ-ականները չկային։ Նրանք երեւի արդեն ապագա վարչապետին են «պրիզնատ» գալիս եւ կարծում են, որ ապրիլից հետո Կարապետյանն անհետանալու է երկնակամարից։ Այս իրավիճակում հատկանշական էր Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ դեռ վարչապետի թեկնածության հարց չի քննարկվել, եւ ինքը հավատարիմ է իր նախկին հայտարարությանը՝ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիության արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինը նշանակել է կրկնակի փորձաքննություն, քանի որ կասկածներ են եղել, որ դատախազության պաշտոնատար անձինք ազդել են փորձաքննության արդյունքների վրա: Առաջին փորձաքննության պատասխանները եղել են երկիմաստ, եւ իրավապահներն այդ փորձաքննության արդյունքների հիման վրա դժվարացել են միանշանակ եզրակացության հանգել: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազության կողմից փորձագետների վրա ճնշում չի եղել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Բյուրակն համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ մթնոլորտն ու ղեկավարության փոխհարաբերություններն այնքան էին լարվել, որ հաստատությունը հայտնվել էր նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում, կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. տնօրեն Լուսինե Մելիքյանը մարտի 20-ի հրամանով աշխատանքից ազատել է դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին: Վերջինիս մեղադրում են թմրամոլ լինելու մեջ ու դեռ մի բան էլ ավելի: Հիմք է ընդունվել Շիրակի մարզի դատախազի գրությունը: Թե ինչի մասին է այդ գրությունը եւ ինչ բովանդակություն ունի, աշխատանքից ազատված փոխտնօրենն ասաց՝ չգիտի, քանի որ տնօրենը հրաժարվել է դրա պատճենը տրամադրել իրեն:
«Նույն տնօրենը հայտարարություն է տվել՝ իբր ես բուժվում եմ նարկոդիսպանսերներում, չգիտեմ ինչեր եմ օգտագործում, դրա համար ինձ կանչել են քննչական բաժին, ուզել են նմուշ, ես հրաժարվել եմ: Հենց այդպես էլ ինձ ասել են, որ ձեր իրավունքն է, կարող եք հրաժարվել, որովհետեւ մենք հիմք չունենք: Հնարավոր է՝ ձեր դեմ հարյուր հոգի էլ գրեն այդպիսի բաներ, ձեզ օրական հարյուր անգամ չպետք է տանենք ստուգման»,- ասաց արդեն նախկին փոխտօրենը եւ հավելեց. «Ես էլ կարող եմ խնդրել նույն մարդուն (տնօրենին-խմբ.) ստուգեն վեներական հիվանդությունների հետ կապված»: Մանվել Խոջուկյանը բողոքարկելու է իրեն աշխատանքից ազատելու մասին տնօրենի հրամանը: Նա նաեւ ասաց,որ հնարավոր է՝ ծնողները նույնպես բողոքի ակցիա կազմակերպեն»:
«168 ժամ» թերթը գրում է. «ԵՄ-ն փոխում է ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը, պլատֆորմը եւ պանելները, ընդլայնում ծրագիրը: Այս ամենը կոորդինացնելու են ԵՄ չորս առաջնահերթությունները, որոնք թույլ կտան ԱլԳ երկրների քաղաքացիների համար իրական արդյունքներ արձանագրել ավելի արագ ռեժիմով: Չորս առաջնահերթություններն ուղղված են կառավարման ամրապնդմանը, տնտեսությանը, կապերին եւ հասարակությանը»,- «168 ժամի» հետ զրույցում մեկնաբանելով ԱլԳ ծրագրում ԵՄ իրականացրած փոփոխությունները՝ ասել է եվրոպացի պատգամավոր Յաչեկ Սարյուշ Ուոլսկին:
Նա տեղեկացրել է, որ այս նոր կառուցվածքի էությունն այն է, որ համապատասխան ոլորտի մասնագետները, որոնք անդամ-երկրներում բարեփոխումներն իրացնողներն են, Եվրամիության կողմից ձեւավորված համապատասխան հարթակներում հանդիպումներ են ունենալու, վերապատրաստումներ անցնելու: Ըստ պատգամավորի, սա վերաբերում է բիզնեսին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին, սոցաշխատողներին, կառավարման ոլորտի աշխատակիցներին ու մասնագետներին, տրանսպորտին, էներգետիկային, կլիմային:
«Այսինքն` ԵՄ-ն անմիջական ներկայություն է ցանկանում ունենալ բարեփոխումների իրականացման գործընթացում՝ նպաստելով դրան»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ այս կառուցվածքային փոփոխությունը հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով հայկական կողմը պետք է սկսի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ Եվրոպական միությունն այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքն ակնկալում է տեսնել արդեն աշնանը, երբ կհանդիպեն նախարարները ԵՄ պաշտոնյաների հետ: Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ այս կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնվել են ԵՄ-ի հարմարավետության եւ բարեփոխումների ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու նպատակով: Նրա խոսքով՝ այս փոփոխություններն առաջինը կփորձարկի Հայաստանը: «Հույս ունենք, որ եվրոպացի պաշտոնյաների հույսերը կարդարանան, եւ այս նոր մոտեցումն իրեն կարդարացնի»,- նկատել է նա»: