Անկախ ամերիկյան պատժամիջոցներից ՀՀ-ն կշարունակի զենք գնել ՌԴ-ից. փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյան
Հայաստանը կշարունակի զենք գնել Ռուսաստանից՝ անկախ ամերիկյան պատժամիջոցներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Նրա խոսքով, հանրապետությունը առաջնորդվում է իր սեփական շահերով ու շարունակելու է համագործակցությունն անկախ պատժամիջոցների սպառնալիքից:
«Իհարկե, պատժամիջոցները խնդիր են, բայց մեր առջև անվտանգությունն ապահովելու խնդիր է կանգնած և մենք առաջնորդվեու ենք մեր շահերից: Հայաստանը կշարունակի սպառազինություն գնել Ռուսաստանից»,- ասաց նա:
Փախչանյանը նաև նշեց, որ հարաբերությունները ՌԴ հետ զարգանում են բավականին արդյունավետ, սպառազինության մատակարարումը առաջին վարկով գրեթե ամբողջությամբ ավարտվել են և կա պայմանավորվածություն շարունակել աշխատանքը: Ըստ նրա, հայկական կողմը, բացի Ռուսաստանից, սպառազինությունների ոլորտում այլ երկրների հետ ևս համագործակցում է և կան կան զարգացման հեռանկարներ:
Հիշեցնենք, հունվարի 29-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ Կոնգրեսի՝ ՌԴ դեմ հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը, որը վերաբերում է ռուսական ձեռնարկություններին, այդ թվում նաև Ռոսօբոռոնէկսպորտին: Համաձայն այդ փաթեթի, պետությունները, որոնք սպառազինություն են ձեռք բերում Ռուսաստանից, ևս կարող են հայտնվել հակառուսական պատժամիջոցների թիրախում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն սպառազինությունների ծավալը համարի զգալի: