ՌԴ հետ համագործակցության դեպքում ԱՄՆ պատժամիջոցների վտանգը չափազանցվում է. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ լրատվամիջոցների տեղեկությանը, թե ԱՄՆ դեսպանությունն զգուշացրել Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի գործարքներ կնքելու պարագայում, հնարավոր է, պատժամիջոցների հարց առաջանա:
Tert.am-ի հաղորդմամբ, նա նշեց, որ ծանոթ չէ փաստաթղթին և չի կարող մեկնաբանել: «Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել»,- ասաց նա և նշեց, որ չկա հասունացած հարց, որը պահանջի բանակցություններ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի հետ:
Հարցին, թե ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարո՞ղ են ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ արեց առաջ չընկնել:
«Մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարարների՝ ԱՄՆ «նախազգուշական ցուցակում» հայտնվելուն՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի անունն է հնչում, Շավարշ Քոչարյանը նախ նշեց, որ պետք է ճշտել՝ մամուլի հրապարակումները մի բան են, ԱՄՆ ցուցակը՝ այլ բան, և իր տեղեկություններով՝ նշված անձինք չկան: