25.11.2024
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցում Լյուքսեմբուրգի անկողմնակալ դիրքորոշումը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը «մարտի 1-ի» սլաքներն ուղղեց Ռոբերտ Քոչարյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին: Այն արդեն կցվել է քրեական գործին, եւ արդեն այդ ուղղությամբ որոշակի քննչական գործողություններ են ընթանում:


Թե ինչ արդյունք կտան այդ աշխատանքները, պարզ կդառնա առաջիկայում: Բայց փաստ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, որ ՀՔԾ-ին հանձնարարել էր ուսումնասիրել փաստահավաք խմբի զեկույցը, այդ քայլին չէր գնա առանց Սերժ Սարգսյանի համաձայնության: Եւ ուրեմն, մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն էլ իր այս քայլերով, ըստ էության, փորձում է մարտի 1-ի սլաքները հետեւողականորեն ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. չէ՞ որ այդ օրերին նախագահը, ասել է, թե ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, ուրեմն հենց նա կարող էր համապատասխան հրահանգներ տալ: Իսկ Սերժ Սարգսյանը, որ այդ օրերին վարչապետն էր, ասում են՝ սիրում է արդարանալ` ասելով, թե ինքն իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել եւ չի կարողացել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին` վարչապետ առաջադրվելո՞ւ եք, Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Ելք» խմբակցությունն ինքը կորոշի իր անելիքները»: Ե՞րբ՝ կարծես թե արդեն ժամանակ չկա առանձնապես, մանավանդ որ «կոնկուրենտն» արդեն իսկ հայտնի է։ «Ժամանակ շատ կա, կոնկուրենտն էլ հայտնի է, որովհետեւ կոնկուրենտը մինչեւ վերջին պահը չէր ուզում հայտ ներկայացնել, բայց ստիպված եղավ»: Փաստորեն, տեղերով փոխվել եք. «իրենց» առաջադրումը գրեթե «եղել» է, ձերը` դեռ ոչ։ «Հիմա էլ իրենք թող բացեն 2014 թ․ ապրիլի 10-ի մեր հայտարարությունները, մեզ հիշեցնեն դրանք, մինչեւ մենք կառաջադրենք մեր թեկնածուին»:


Նույն թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին բազմաչարչար օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։ Չնայած ՀՀԿ-ականները ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի ներկայացրած օրենքը մի քանի դրվագով փոփոխության ենթարկեցին իրենց քիմքին համապատասխան, մասնավորապես՝ բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու նախարարի ջանքերն ի դերեւ ելան, քանի որ Հրայր Թովմասյանի «թեթեւ» ձեռքով խորհուրդներում որոշվեց ընդգրկել նաեւ պետական պաշտոնյաներին, 10 անդամ ունեցող խորհրդում 1 պաշտոնյա կլինի, 20 անդամ ունեցողում՝ 2, ինչպես նաեւ վարչապետն է հաստատելու խորհրդի կազմը, իսկ ուսխորհրդի մասնակցությունը ոչ թե 10, այլ 20 տոկոս կլինի։ Բայց կարծիք կա, որ օրենքը կարող է 100 տոկոսով փոփոխության ենթարկվել եւ դառնալ «աշոտյանական» տարբերակը։ Բանն այն է, որ շուրջ 3 տարի է՝ դեռ ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի գտնվելու ժամանակներից, քննարկվում է մի «իշխանահաճո» տարբերակ։


ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի նախագիծն արմատապես փոխեն։ Դրանով պայմանավորված՝ մարտի 16-ին ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովում նախագիծը քննարկվելուց հետո չմտցրին առաջիկա նիստի օրակարգ։ Խնդրո առարկան, մեր տեղեկություններով, ռեկտորների եւ ամբիոնի վարիչների կենսաթոշակային տարիքի հարցն է՝ նախագծով առաջարկվում է առավելագույն շեմ՝ 65 տարեկան: Սակայն ՀՀԿ-ն, տեղիք տալով տարեց ռեկտորների, մասնավորապես ԵՊՀ-ի ղեկավարի վրդովմունքին, մտադիր է փոխել այն՝ սահմանային տարիքը դարձնելով ռեկտորի դեպքում՝ 70, ամբիոնի վարիչների՝ 63։ Հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանին հարցրինք, թե ինչու նախագիծը չմտավ մեծ օրակարգ։ Պատգամավորը պատասխանեց, որ, հավանաբար, դեռեւս վերանայման կարիք կա։ Ի դեպ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը 63 տարեկան է, տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ 62, գրեթե բոլոր ռեկտորները 65-ի շեմին են»:


«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղավորը հայտնի Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանն է, իսկ վթարի հետեւանքով զոհվեցին ՃՈ երկու ոստիկան, դեռ քար լռություն է: Տուժող կողմի հարազատները դժգոհում են եւ մտավախություն ունեն, որ քննությունն ուզում են փակուղի տանել: Իսկ մեղադրյալի փաստաբաններն էլ շարունակում են ամեն բան անել՝ արդարացնելով իրենց պաշտպանյալին: Ավելին, ըստ տարածված լուրերի, նրանք հույս ունեն, որ համաներման տակ կգցեն երկու մարդու կյանք խլած իրենց պաշտպանյալին՝ արդարացնելով, որ նա եթե ուզենար էլ, չէր կարող կանխել վթարը»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ՀՅԴ-ականները մտադիր են «կոսմետիկ» փոփոխություններ անել կառավարությունում: Մասնավորապես, սեւ ամպեր են կուտակվում ՀՅԴ-ի երկարամյա նախարարներ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխին, թե ում «կզոհաբերեն»՝ դեռ պարզ չէ: Բայց որ հին դեմքերին ՀՅԴ-ն պատրաստ է փոխարինել միայն հին դեմքերով, ավելի քան ակնհայտ է: Այս օրերին կառավարության կազմում տեղավորվելու փորձեր է անում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ավելին՝ հանուն պաշտոնի, նա անգամ ավելի բարյացկամ է դարձել լրագրողների նկատմամբ, ինչը նախկինում դժվար էր տեսնել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է նաեւ ներքաղաքական թեմաների` ասելով, որ ինչքան էլ քաղաքականությունից հեռու է, այնուամենայնիվ. «Ես ժողովրդի մի մասն եմ եւ իմ մաշկի վրա զգում եմ բոլոր փոփոխությունները, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում»: Նա մտահոգություն է հայտնել ՀՀ-ում տիրող իրավիճակի կապակցությամբ` ընդգծելով. «Ում որ չի մտահոգում, երեւի մեր երկրի մասին ո՛չ մտածում է, ո՛չ բան: Իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կեսը, եթե ոչ ավելին, գտնվում են օտար երկրներում, թողել-գնացել են այստեղից: Իրենք այն մի կաթիլ ջուրն էին, որ կաթում էին մեր ջրաղացին, հիմա գուցե Ամերիկայում, Ֆրանսիայում ալիքներ են դարձել: Իհարկե, հպարտ եմ դրա համար, բայց պետք է տեղական ռեսուրսներն էլ պահել, պահպանել: Ես չեմ էլ մեղադրում գնացողներին, եթե գնացել են, գնացել են ոչ լավ կյանքից: Երկար տարիներ նույն վիճակն է: Հույս ունենանք, որ լավ կլինի ամեն ինչ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահել ինտրիգը եւ չի բացահայտում իր գործողությունների պլանը: Կուսակցության անդամները իրենց ֆեյսբուքյան էջերում լուսանկարներ են հրապարակում ձայնագրման ստուդիայից: Դրանից տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ երգ են ձայնագրում: Հավանաբար ՔՊ-ականները փողոցային պայքարը ցանկանում են սկսել ոգեւորող եւ պայքարի շունչ տվող հոլովակով: Մեր զրույցում կուսակցության անդամները նշեցին, որ ավելին կասեն մարտի 31-ին, նրանք նաեւ հրաժարվեցին որեւէ տեղեկություն հաղորդել իրենց հրապարակած լուսանկարների մասին, մասնավորապես, թե ինչ են ձայնագրում, եւ ինչի համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետեւ տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար: Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը այդ պաշտոնին ուզում է տեսնել Մայր աթոռի սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին: Թե կողմերից ում փաստարկներն ավելի համոզիչ կլինեն բարձրագույն իշխանության համար՝ պարզ լինի ապրիլի 17-ից հետո»: