28.11.2024
Հայացք Թեհրանից. Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային գործընթացներում
prev Նախորդ նորություն

Էրդողանն անձամբ է հրահանգել Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ Բեռլինում ցույցեր կազմակերպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ahval գործակալությունը, այս մասին է գրում է գերմանական Der Spiegel-ը:


Գերմանիայի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը հունիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, ով այդ ժամանակ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:


Der Spiegel-ը հրապարակել է Հեսսեն երկրամասի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցներից մեկի սղագրությունը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանն անձամբ էր ղեկավարում բողոքի ակցիաները:


Հեսսենի ոստիկանությունը լսում է, թե ինչպես է 2016 թվականի հունիսի 1-ին՝ 23:30-ին կապի մեջ մտնում Էրդողանը՝ խոսելով Քյուլունքի հետ: «Ինչպե՞ս եք, պարոն նախագահ»,- հարցնում է նրան պատգամավորը: Այնուհետև զեկուցում է Բեռլինում քննարկվող բանաձևի դեմ բողոքի ակցիաների մասին՝ հավելելով. «Սպասում եմ ձեր հրահանգներին»:


Ի պատասխան Էրդողանն ասում է, որ կկապվի Քյուլունքի հետ և բարի գիշեր է մաղթում նրան:


Գերմանական պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցի բովանդակությունը ապշեցրել է Հեսսենի ոստիկանությանը, որոնք արձանագրել են, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Անկարան Հայոց ցեղասպանության բանաձևին և դրա ընդունման դեմ Բեռլինում կազմակերպվելիք ցույցերին, որ դրանցով հետաքրքրվում է անձամբ երկրի նախագահը:


Der Spiegel-ը հայտնում է, որ ներկայում հետաքննություն է իրականացվում՝ պարզելու Քյուլունքի կապը Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ այն բանից հետո, ինչ 2017 թվականին տեղեկություններ էին հայտնվել, որ պատգամավորը գումարներ է տրամադրում թուրք-գերմանական ազգայնական Osmanen Germania խմբավորմանը: Համաձայն տեղեկատվության՝ գումարներն օգտագործվել են քրդական խմբերի դեմ զինամթերք գնելու համար:


Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:


Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:


Բեռլինում բանաձևի ընդունումից հետո շուրջ 1000 թուրքեր բողոքի ցույց էին կազմակերպել: