25.11.2024
Մարշալի հիմնադրամ. Բևեռացումը` սպառնալիք Թուրքիայի համար
prev Նախորդ նորություն

Ahval News. 100 տարի առաջ Թուրքիայից վտարում էին հայերին, այսօր՝ քրդերին

Չնայած այն հանգամանքին, որ Դիարբեքիրի որոշ շրջաններում պարետային ժամ է գործում, Սուրբ Կիրակոսի հայկական եկեղեցին, ինչպես եւ շատ այլ պատմական հուշարձաններ, թալանվել են: Այս մասին ասվում է Ahval News-ի կայքի հոդվածում:

«Ավելի քան 2.5 տարի բնակիչները չեն կարողանում մուտք գործել այդ տարածք: Այնտեղ կարող են մուտք գործել միայն անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Ուրեմն ո՞վ է թալանում պատմական հուշարձանները», - հարց է ուղղում հոդվածի հեղինակ Նուրչան Բայսալը:

Տեղացիների խոսքով՝ թալանված հուշարձանների շատ իրեր վաճառվում են տեղական շուկայում: Վաճառողներն ասում են, որ արտեֆակտները բերում են իրավապահ կառույցներում կապեր ունեցող մարդիկ:

Հեղինակը պատմում է քաղաքի հնագույն թաղամասերից մեկի մասին, որն ամբողոջությամբ ավերվել է: Այնտեղ կարելի է շատ շատրվաններ տեսնել, դռներ, պատմական շենքերի քարեր, որոնք մինչ օրս վաճառվում են: Նա հիշում է իր տատիկին, որը 2014-ին 104 տարեկանում մահացել է: Տատիկը նրան պատմել է Հայոց ցեղասպանության մասին: Նա պատմել է, որ 100 տարի առաջ հայերը եւ քրդերը միասին Շեյք Սելամեթ գյուղում են ապրել:

Ցեղասպանության ժամանակ «զինվորները գրոհով վերցրել են գյուղը, հավաքել են հայերին եւ տարել են դեպի մահ»:

Տատիկը փոքր է եղել, բայց հիշում է, ինչպես է նրանց հայ հարեւանը հարցրել հորեղբորը. «Ինչու՞ եք դուք թույլ տալիս, որ մեզ տանեն»: Նա պատասխանել է. «Նրանք պետությունն են, ինչ կարող ենք մենք անել»: Հայը պատասխանել է. «Հայերը եւ քրդերը ինչպես թել ու ասեղը լինեն: Թելը միշտ հետեւում է ասեղին»:

«Թելը ասեղին հետեւեց անցյալ դարում: Հայերին ոչնչացնելուց հետո բռնությունը քրդերի դեմ շրջվեց: 100 տարի առաջ պետության ներքին թշնամին հայերն էին, հիմա՝ քրդերը: 100 տարի առաջ պետությունը հայերին վտարեց իրենց հայրենի հողից: Այսօր վտարվողները քրդերն են:

Ցեղասպանությունից 100 տարի անց հայերը շարունակում են թուրքական պետության աչքերում «տականքներ» մնալ: Հայերի եւ քրդերի հանդեպ ատելությունը միավորվում է, քանի որ մենք նրանց համար պետության «տականքներ» ենք:
Այո, տատիկ, թելը հետեւեց ասեղին: Ժամանակն է կտրել թելը եւ փոխել ճակատագիրը: Դեռ այդքան ուշ չէ», - գրում է հեղինակը: