30.12.2024
Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր. Էդվարդ Նալբանդյան
14.03.2015
Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր. Էդվարդ Նալբանդյան

"Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր, սակայան մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների", - այս մասին սլովենական Dnevnik օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնական շրջանակներից ավելի հաճախ են լսվում մտահոգություններ Երևանի` ստրատեգիական դաշնակից Մոսկվայի կողմից Բաքվին մեծ քանակությամբ սպառազինություն վաճառելու մասին: Հանրության տարբեր սեգմենտներում շրջանառվող մտարհոգությունները ստացան նաև քաղաքական հայտարարությունների տեսք: Խնդրին 2014 թ-ին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով. "Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահգություն է առաջանցում Հայաստանի հանրության շրջանում": Մասնագետների կարծիքով, Սարգսյանի հայտարարությունն ուղղված էր ոչ թե Ռուսաստանին (քանի որ Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր միշտ է տրամադրել է զենք Ադրբեջանին), այլ հայաստանյան հանրությանը, որի տարբեր շրջանակներ, ելնելով տարբեր նպատակադրումներից, պարբերաբար քննարկման առարկա են դարձնում Մոսկվա-Բաքու ռազմական համագործակցությունը` այդ կոնտեքստում կոշտ քննադատության ենթարկելով Հայաստանի իշխանություններին "կրավորական կեցվածքի համար" և ՌԴ-ին` ադրբեջանական կողմին զենք տրամադրելու համար: Ռազմական փորձագետների կարծիքով, զուտ մասնագիտական տեսնակյունից, Հայաստանի համար շահեկան է, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանի բանակի սպառազինության հիմնական մատակարարը, քանի որ դրանով ապահովվում է արդբեջանական սպառազինման ծրագրի թափանցիկությունը և մեծանում Բաքվի կախվածությունը Մոսկվայից: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով, ըստ Էդվարդ Նալբանդյանի, հայկական կողմի ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: "Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում", - հայտարարել է Նալբանդյանը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պնդմամբ, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն շատ ամուր պատմական կապեր: "Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը:Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական հարաբերություններ", - նշել է նա: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Ադրբեջանի զինվելու տեմպերին` նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը հակադրվում է համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա կարգավորմանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության հաստատման միջոցների վերաբերյալ բոլոր առաջարկությունները: "Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է: Մի երկիր, որը քարոզում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, չի կարող հզոր լինել: Տասը տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն շուրջ 30 անգամ, սաստկացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզչությունը և անդադար սպառնում է ուժ կիրառել", - պարզաբանել է նախարարը: Բոլոր պատերազմներից հետո, նշում է նա, կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, բայց առավել վատ պայմաններում: "Մենք հնարավորություն ունենք՝ շարունակելու բանակցությունները երեք համանախագահների հետ միասին: Ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը՝ առաջ մղելու միջազգային հանրության առաջարկությունների հիման վրա կարգավորման գործընթացը", - հարցադրում է հնչեցրել Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: