ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ "Իսլամական պետություն" ջիհադիստական խմբավորման գրոհայիններին կարելի է կանգնեցնել, եթե նրանց դեմ միաժամանակ օգտագործվեն ռազմական և քաղաքական մեթոդներ: Նրա խոսքով, ջիհադականներին չի կարելի հաղթել միայն զենքի ուժով: Գեներալը Իսլամական պետությանը անվանել է կանոնավոր բանակ, որն օգտագործում է իր նպատակների համար ինչպես ամստամբական մեթոդներ, այնպես էլ ահաբեկչական: Պետրեուսը նշել է, որ Իրաքում Ալ-Ղաիդա խմբավորումը, որը համարվում է Իսլամական պետությանը նախորդող ուժ, շատ ավելի հզոր էր և բազմամարդ, քան Իսլամական պետությունը: Այս պահի դրությամբ իրաքյան բանակը ԱՄՆ-ի աջակցությամբ փորձում է հետ գրավել իսլամականների կողմից գրավված շրջանները: Պետրեուսը Իսլամական պետության կողմից Ռամադիի գրավումը, որը համարվում է Անբար նահանգի մայրաքաղաքը, գնահատել է որպես ռազմավարական կորուստ: Նա վստահություն է հայտնել, որ Ռամադին հետ կգրավվի մի քանի շաբաթների ընթացքում: Նրա խոսքով, պետք է փոփոխություններ մտցնել Իսլամական պետության դեմ պայքարի ռազմավարության մեջ: ԿԸՎ-ի նախկին ղեկավարը կասկած հայտնեց Իրաքի բանակի՝ Իսլամական պետության դեմ պայքարելու ներուժի վերաբերյալ: Նրա խոսքով, Իրաքի բանակը պայքարելու է իսլամականների դեմ, սակայն նրանց աջակցություն է անհրաժեշտ: