Պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների կամ անորակ ապրանքների ոչնչացման հարցով ՌԴ-ում, ոչ էլ Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների շրջանակներում որոշում այս պահի դրությամբ գոյություն չունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը՝ մեկնաբանելով ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևի հայտարարությունը: Դեսպանի խոսքով, նախարարի հայտարարությունը միայն նրա ենթադրությունն է, փոխանցում է Արմինֆոն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևն առաջարկել է ոչնչացնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները ԵԱՏՄ-ի անդամ-երկրների տարածքում: Նրա խոսքով, ապրանքների ոչնչացման համար լրացուցիչ լիազորությունների շուրջ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ Մոսկվայում հոկտեմբերին "Ոսկե աշուն" ագրոարդյունաբերական տոնավաճառի շրջանակներում: Տկաչևը նշել է, որ այդ ժամանակ իրենք ճանապարհ կհարթեն օրինապաշտ հարկատուների համար, դրանից միայն բոլորը կշահեն: Հայաստանի գյուղնախարարությունում հայտարարել են, որ չեն ստացել Տկաչևի առաջարկի վերաբերյալ պաշտոնական առաջարկություն: