21.12.2024
Էրդողան. Թուրքիան և Իրանը պետք է միջնորդի դերակատարում ստանձնեն Սիրիայում
08.04.2015
Էրդողան. Թուրքիան և Իրանը պետք է միջնորդի դերակատարում ստանձնեն Սիրիայում

Թուրքիան և Իրանը պետք է Սիրիայում և Իրաքում հակամարտությունների կարգավորման միջնորդ դառնան, որպեսզի դադարեցնեն արյունահեղությունները այդ երկրներում: Այդ մասին Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ավելի քան 100.000 մարդ է զոհվել Իրաքում և առնվազն 300.000 մարդ Սիրիայում: Ես չեմ բաժանում զոհերին սունիների և շիաների: Ինձ համար կարևոր է, որ այնտեղ մարդիկ են զոհվում, մահմեդականներ: Իրանը և Թուրքիան պետք է հակամարտող կողմերի համար միջնորդի դեր կատարեն», - նշել է Էրդողանը, փոխանցում է Ռիա-Նովոստին: Հատկանշական է, որ Թուրքիան և Իրանը սիրիական հարցում ունեն տարբեր դիրքորոշումներ: Թեհրանը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Անկարան կոչ է անում տապալել նրան և մեղադրում է Սիրիայում ռազմական հակամարտության մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետություն: Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Իրանը իր բողոքն է արտահայտել Թուրքիային՝ կապված Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրանական տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հնչեցրած գնահատականների: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիա Աֆհամը Իրանում Թուրքիայի ԱԳՆ-ի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջել է բացատրություններ ներկայացնել Թուրքիայի նախագահի հայտարարության հետ կապված: Ւրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանի ռազմավարական դիրքորոշումը հարևան տարածաշրջանային երկրների նկատմամբ հիմնված է համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անթույլատրելի է համարել Իրանի՝ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու փորձերը: «Իրանը ցանկանում է հասնել գերիշխանության տարածաշրջանում: Դա սկսել է գրգռել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա իրոք անտանելի է, և Իրանը պետք է դա տեսնի», - նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նշել է, որ Եմենում հակամարտությունը սկսել է կրել «աղանդավորական» բնույթ և կոչ է արել Իրանին դադարեցնել աջակցել շիա ապստամբ հուսիտները: «Իրանը պետք է փոխի իր կարծիքը: Իրանը պետք է դուրս բերի իր ուժերը Եմենից, Սիրիայից, Իրաքից և հարգի այդ երկրների տարածքային ամբողջականությունը», - հավելել է Էրդողանը: Բացի այդ, Անկարան և Վաշինգտոնը, ըստ թուքական աղբյուրների, պլանավորում են ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի մարտիկներին՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Հաթայ նահանգում, ինչպես նաև Թուրքիայի կենտրոնական Քըրշեհիր նահանգում գտնվող Հիրֆանլի ռազմակայանում: Հաթայում Սիրիայի ազատ բանակի գրոհայինների պատրաստումը և զինումը սկսվելու է ապրիլի վերջին: Փետրվարին Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել՝ Սիրիայի ազատ բանակի գրոհայիններին պատրասելու մասին՝ Իսլամական պետության դեմ պայքարելու համար: Ծրագիրը նախատեսում է մեկ տարվա ընթացքում Սիրիայի ազատ բանակի 2.000 գրոհայինի պատրաստում: Զենք և զինամթերքը գրոհայինների համար կտրամադրի ԱՄՆ-ը, իսկ նրանց պատրաստմամբ կզբաղվեն թուրք և ամերիկացի զինվորականները: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը պատրաստվում է երեք տարվա ընթացքում պատրասել և զինել Սիրիայի ազատ բանակի 15.000 գրոհային: Թուրքիայից բացի այդ ծրագրում ներգրավված են լինելու նաև Քաթարը և Սաուդյան Արաբիան: