21.12.2024
Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ
13.04.2015
Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ

Վատիկանում ապրիլի 12-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին` Սուրբ Պատարագի համար: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Վատիկանում ի պատիվ Սերժ Սարգսյանի ընթրիք է մատուցվել: Իր ելույթում Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայում բնակվող հայերին այն բանի համար, որ տասնամյակներ շարունակ ապրելով, ջանասիրաբար աշխատելով և արարելով Իտալիայում՝ դարձել են այս երկրի կարևոր մասնիկն ու իրենց ամենօրյա ազգանվեր գործունեությամբ «բարձր են պահում հայ ժողովրդի անունը, չեզոքացնում հակահայկական գործունեությունը և նպաստում հայ-իտալական կապերի առավել զարգացմանը»։ Սուրբ Աթոռը և Իտալիայի պատգամավորների պալատը, իտալական 5 նահանգի և 60 քաղաքի խորհուրդները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Երևանը, ըստ Սարգսյանի, դա գնահատում է ոչ միայն որպես համերաշխության դրսևորում հայ ժողովրդի հանդեպ, այլև՝ հավատարմություն համամարդկային արժեքներին: «Խորապես շնորհակալ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին այս աննախադեպ պատարագի գաղափարի համար, որը տեղի է ունենում մեր Հայ Առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասվելուց երկու շաբաթ առաջ՝ դրանով իսկ խորհրդանշելով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ: Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկի, քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը ծրագրած ու իրագործած եղեռնագործների դատապարտումը չէ միայն։ Մեր բոլորի ճիգերը մեր անմեղ զոհերի, մեր տատերի ու պապերի հիշատակը հավերժացնելու, արդարությունը վերականգնելու ու նրանց ժառանգների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար չեն միայն։ Մեր պայքարն ամենից առաջ այդ մեծագույն հանցագործության հետևանքով աշխարհից պակասած սիրո ու երջանկության, հավատի ու վստահության, հույսի ու ջերմության՝ քաղաքակրթության մեծագույն արժեքները քաղաքակիրթ աշխարհին ու մարդկությանը վերադարձնելու համար է», - նշել է ՀՀ նախագահը: Նա նշել է, Հայաստանում բնակվող հայերը և սփյուռքահայերը, որպես ազգային հավաքականություն, մեծ ուժ են: «Դրանում մենք պարբերաբար համոզվում ենք, մանավանդ, այն պահերին, երբ հրատապ անհրաժեշտություն կա համատեղելու և համադրելու ջանքերը մարտահրավերներին դիմակայելիս: Վճռական պահերին մենք կամք և գիտակցություն ունենք միաբանվելու՝ ի մի բերելու մեր հնարավորությունները հանուն համահայկական խնդիրների լուծման: Իտալահայ համայնքը ասվածի փայլուն օրինակներից է, և ես շնորհակալ եմ ձեզ ձեր պատրաստակամության համար: Սա ուժ է, որի հետ հաշվի են նստում և՛ մեր բարեկամները, և՛ ոչբարեկամները»,-հայտարարել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցվել է պատարագ, որի ժամանակ Հռոմի պապը Թուրքիայում 1.5 միլիոն հայերի սպանությունը անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հիշողությունը անիմաստ ոճրագործության մասին: Դրան ի պատասխան, Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրություններ է պահանջել Վատիկանից և հետ կանչել իր դեսպանին՝ հետագա կոնսուլտացիաների համար: