4.12.2025
Հասարակությունը՝ որպես գլխավոր արբիտր
prev Նախորդ նորություն

Ռազմավարական շահ կամ քաղաքական խաղ

Պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման միտված շեշտադրումը հիմնականն է, որ ընկած է այս նախագծի հիմքում, ասում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով զինծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու՝ այսինքն 1,5 տարի դարձնելու նախագծի մասին: Նախագիծը քննարկվում է խորհրդարանում:


Սա ըստ ամենայնի նման է աջ ձեռքով ձախ ականջը քորելուն, մեղմ ասած:


Ես միանգամայն կողմնակից եմ, որ Հայաստանը զինված ուժերում ընդլայնի պրոֆեսիոնալ բաղադրիչը, զինուժի թվաքանակում ավելի ու ավելի մեծացնի պրոֆեսիոնալ սեգմենտի տեսակարար կշիռը:


Բայց, տրամաբանությունը հուշում է, որ զինված ուժերի ժամկետային ծառայության ժամանակահատվածի կրճատումը պետք է լինի ոչ թե առաջին քայլերից մեկը, այլ՝ վերջիններից մեկը, երբ արդեն կլինի պրոֆեսիոնալ սեգմենտի այնպիսի վիճակագրություն եւ ծավալ, որի պարագայում համարժեք կլինեն այդ վիճակագրությունն ու ժամկետի կրճատման հետեւանքով թվակազմի կրճատման ծավալը:


Օրինակ, պայմանական՝ զինծառայության ժամկետի կրճատումը վեց ամսով, անխուսափելիորեն բերելու է թվակազմի քառորդի կրճատման, աստիճանաբար, առնվազն երկու տարի անց: Հարց է առաջանում, երկու տարի անց, Հայաստանն ունենալու՞ է պրոֆեսիոնալ զինուժի այնպիսի թվաքանակ, որը փաստորեն կլրացնի այդ կրճատված թիվը:


Մեծ հավանականությամբ՝ ոչ, որովհետեւ մեղմ ասած միամիտ է մտածել, թե օրինակ «մարտունակ բանակ» արտահայտությունից զգուշացող կառավարությունը պետք է ստեղծի մարտունակ պրոֆեսիոնալ բանակ:


Հետեւաբար պարզ է, որ զինծառայության ժամկետի կրճատման նախաձեռնության հիմքում կամ 2026 թվականի ընտրությունն է՝ նվազագույնը, կամ դրան զուգահեռ նաեւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի որեւէ նոր պայման, կապված զինուժի թվակազմի հետ:
«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»: Սա Իլհամ Ալիեւի հայտարարությունն է հունվարի 8-ին, ադրբեջանական մամուլին տված հարցազրույցի ընթացքում:


Դրանից առաջ էլ, Ալիեւը մեկ անգամ չէ, որ խոսել է Հայաստանի «ապառազմականացման» մասին:


Եվ այդ ֆոնին, երբ Հայաստանի դե ֆակտո թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, որ պետք է այլեւս օգտագործել ոչ թե «մարտունակ բանակ», այլ պաշտպանունակ բանակ արտահայտությունը, մեղմ ասած առաջանում են կասկածի հիմքեր, որ զինված ուժերի թվաքանակի կրճատումն այլ բան չէ, քան «խաղաղությունը խնամելու» Հայաստանի պարտավորությունների շարքում եղած հանգամանք:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան