4.12.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

«Կտրիճ Ներսիսյանը» սպառնալիք է պետական անվտանգությանը. Փաշինյան

Լուսանկարը` Տիգրան Անինյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Տիգրան Անինյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարում է սպառնալիք պետական անվտանգության համար և հաստատել, որ մասնակցում է միայն այն պատարագներին, որտեղ հոգևոր առաջնորդի անունը միտումնավոր չի հիշատակվում։


Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում գործադիրի ղեկավարը անդրադարձել է եկեղեցական արարողություններին իր մասնակցության նրբություններին։ Փաշինյանը չի հերքել, որ այն եկեղեցիներում, ուր ինքը այցելում է, նախապես տարբեր խողովակներով, այդ թվում՝ ԱԱԾ միջոցով, զգուշացվում է չհնչեցնել Գարեգին Բ-ի անունը։ Վարչապետն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ իր համար Կտրիճ Ներսիսյանը (Կաթողիկոսի ավազանի անունը) Կաթողիկոս չէ, և խնդրում է հաշվի առնել այդ փաստը։


Անդրադառնալով հարցին, թե ինչու է անվան հիշատակումը դիտարկվում որպես վտանգ՝ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով հայտարարել է, որ Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ամենամեծ վնասը հասցնում է հենց գործող Կաթողիկոսի ներկայությունը Մայր Աթոռում։ Փաշինյանը նշել է, որ այդ իրողությունը վիրավորում է եկեղեցու հետևորդների, այդ թվում՝ անձամբ իր հոգևոր զգացմունքները։


ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններում լարվածությունը խորքային բնույթ է կրում։ Ճգնաժամը նոր թափ ստացավ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Գարեգին Բ-ն և բարձրաստիճան հոգևորականները պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հակասությունները սրվեցին 2024 թվականի գարնանը՝ սահմանազատման գործընթացի ֆոնին, երբ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։


Իշխանությունները պարբերաբար մեղադրում են եկեղեցուն քաղաքական գործընթացներին միջամտելու և «պատմական Հայաստանի» գաղափարները սպասարկելու մեջ, մինչդեռ եկեղեցին քննադատում է կառավարությանը ազգային շահերից նահանջի և Արցախի կորստի համար։

Պետությունը ուրիշ զբաղմունք չունի՞, մի թղթի հիման վրա գործ եք հարուցում. Ծառուկյան (VIDEO)
Հաջորդ նորություն next