25.11.2024
Ղարաբաղում զորամասի հրթիռկոծման արդյունքում կան զոհեր և վիրավորներ
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ որտեղ ասվում է, որ Բաքուն փորձ է անում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ուժային դաշտ տեղափոխել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկվող ականանետային և հրթիռահրետանային հարվածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող գնդակոծումների անհամեմատ ինտենսիվ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն:

"Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներ:

Ելնելով ստեղծված դրությունից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած և շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա և տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը", - ասված է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ: