4.12.2025
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն են հայտնում Վեհափառ Հայրապետին
prev Նախորդ նորություն

Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանման համար սահմանվեց 6-ամսյա քվոտա

Լուսանկարը` abcmedia.am
Լուսանկարը` abcmedia.am

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց ոսկերչական ոլորտի արտահանմանը վերաբերող կարևոր սահմանափակում՝ կիրառելով ժամանակավոր քվոտավորման մեխանիզմ։


Գործադիրի որոշմամբ՝ դեպի երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների և դրանցով պատված մետաղների համար սահմանվել է վեցամսյա քվոտա, որն ուժի մեջ է մտնում անմիջապես՝ դեկտեմբերի 5–ից, և գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 5–ը։


Նոր կարգավորումը տարածվելու է մասնավորապես ոսկերչական արտադրատեսակների, ինչպես նաև վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերի վրա։


Այս քայլը հաջորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ դեռևս ապրիլին ընդունած որոշմանը, որով ազատականացվել էր միայն այն ապրանքների շրջանառությունը, որոնցում թանկարժեք մետաղների պարունակությունը չնչին է և չի գերազանցում 2 տոկոսը, մինչդեռ հիմնական արտադրատեսակների դեպքում պետությունը նպատակահարմար է գտել կիրառել արտահանման ծավալների ժամանակավոր վերահսկողություն։


Հանքարդյունաբերության ոլորտը զգալի տեղ է զբաղեցնում երկրի տնտեսության մեջ․ Հայաստանից արտահանվող նյութերի ընդհանուր ծավալի կեսից ոչ պակասը բաժին է ընկնում մետաղներին և խտանյութերին։ Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված է պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, որոնցից շահագործվում են մոտ 400-ը, այդ թվում՝ 22 մետաղական։ Հանրապետության ընդերքում առկա են երկաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի, ոսկու, արծաթի և այլ պաշարներ։


Մասնավորապես, հաշվառված է պղնձամոլիբդենային 7, պղնձի 4, ոսկու և ոսկի-բազմամետաղային 14 հանքավայր։ Հիմնական մետաղներից բացի, հանքանյութերում բացահայտվել են նաև հազվագյուտ տարրեր՝ ռենիում, սելեն, տելուր, կադմիում, ինդիում, բիսմուտ և այլն։

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next