ԱՄՆ-ն իրեն ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, մեկնաբանելով Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությունը՝ Սիրիայի մասին երկկողմանի հռչակագրի շրջանակում Պենտագոնի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոցել է սիրիական կործանիչը, հայտնում է Washington Examiner-ը։Նրա խոսքով, Վաշինգտոնը մտադիր է անել ամեն ինչ իր շահերի պաշտպանության համար։ «Այս տարածաշրջանում գործող բազմաթիվ ուժերի միջեւ թշնամանքի էսկալացիան ոչ մեկին չի օգնում»,- նշել է նա, հավելելով, որ ԱՄՆ-ն հույս ունի նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ կապի ուղիները պահպանելու միջոցով։ «Մենք մեզ ինքնապաշտպանության իրավունք ենք վերապահում»,- նշել է Սփայսերը։ Ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ «Սիրիայի երկնքում ռուսական ավիացիայի մարտական առաջադրանքների կատարման շրջաններում ցանկացած օդային օբյեկտ, այդ թվում միջազգային կոալիցիայի օդանավերն ու անօդաչու սարքերը, որոնք կհայտնաբերվեն Եփրատից արեւմուտք, ռուսական հակաօդային պաշտպանության ցամաքային ու օդային միջոցների կողմից կընդունվեն որպես օդային նշանակետեր»։