Պողոսյանը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքեր կապում է աղանդների ազդեցության հետ
Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց բանակում մահվան և ինքնասպանությունների դեպքերի աճի պատճառներով։
Պողոսյանը հայտնեց, որ այդ դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներն իր անմիջական վերահսկողության տակ են։ Քննչական կոմիտեն նաև վերլուծում է ինքնասպանությունների պատճառներն ու դրանց նպաստող հանգամանքները։
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում ինքնասպանության պատճառ կարող էր լինել որոշակի աղանդի անդամակցությունը։ Այս առնչությամբ Պողոսյանը պատրաստվում է նամակ ուղարկել ԱԱԾ տնօրենին։
«Ունենք այդպիսի դեպքեր, երբ կոնկրետ անձը հակված է ինքնասպանության, քարոզում է ինքնասպանության։ Այս վերջին օրինակով անձի վրա դաջվածքներ կան, հոգեբաններն ու մասնագետներն ասում են, որ հենց ինքնասպանության հակված անձինք են նման դաջվածքներ անում»,– նշեց Քննչական կոմիտեի նախագահը։