Մամուլ. Հայկ Սարգսյանի Իրան մեկնելը կապ ունի՞ կորած ինքնաթիռի հետ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մարտի 2-ին մեկնել է Իրան: Որն է նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց ճշտել։ Բայց դատելով իրադարձություներից՝ չի բացառվում, որ նրա այցը Թեհրան կապ ունի կորած «Բոինգ» ինքնաթիռի առեղծվածի հետ: Հիշեցնենք, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության ինքնաթիռի մասին է, որը հայտնվել էր Թեհրանում: Բանն այն է, որ Fly Armenia Airways ընկերությունը պաշտոնապես դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա, սակայն խախտում է արել եւ վայրէջք կատարել չնախատեսված վայրում: Նկատենք, որ Հայկ Սարգսյանը երկու օր է՝ խորհրդարանում չէ, եւ մենք փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել հենց նրանից, սակայն Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր բոլոր նամակներին, թեեւ կարդում էր դրանք։ Հավելենք, որ երեկ այս հարցին խորհրդարանում անդրադարձավ նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երեւան»։ Վերջինս չմանրամասնեց, թե ովքեր են բանակցողները»։
«Ժամանակ» թերթը գրում է. ««17»-ի վերջին հույսը մնացել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ծավալվող իրադարձությունը: Ընդդիմադիրների մեջ արդեն խոսակցություն կա, որ այն պահից, երբ Գասպարյանն ազատվի շտաբի պետի պաշտոնից, իրենք կպարտվեն, և հանուն իշխանափոխության սկսած իրենց պայքարը կտապալվի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ավանդական օրն էր, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն երեկվա հարցուպատասխանն էականորեն տարբերվում էր նախորդներից՝ թե՛ խորհրդարանի դրսում, թե՛ ներսում տիրող իրավիճակով պայմանավորված: Նախ՝ Փաշինյանի այցին ընդառաջ ոչ միայն ուժեղացված հսկողություն էր ողջ շենքում և հարակից տարածքներում, այդ թվում՝ դիպուկահարների առկայությամբ, այլև նիստերի դահլիճում էր միջավայրը լարված։ Մասնավորապես, կառավարության անդամներին հարց ուղղելու համար գրանցվեց 29 պատգամավոր, և նրանց հարցերի մեծ մասն ուղղված էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս պատասխանեց՝ ամբիոն «գործուղելով» փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Վարչապետը միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին պատասխանեց՝ հայտնելով, թե պատրաստ են ընտրությունների թեմայով քննարկում սկսել։ Նկատենք, որ նախկինում հարցուպատասխանները տևում էին 4 ժամից ավելի, և գրանցվում էին 40-ից ավելի պատգամավորներ հարցեր ուղղելու համար, և այդ հարցերի մեծամասնությանը պատասխանում էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Երեկ, սակայն, նա տարօրինակ կերպով լուռ էր, իսկ Տիգրան Ավինյանի կիսապատասխանները բարկացրին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանին, որն ԱԺ դահլիճի դուռը արհամարհանքով շրխկացրեց կառավարության երեսին ու դուրս եկավ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ խորհրդարանական համակարգից կիսանախագահականին վերադառնալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին․ «Պառլամենտական համակարգը մեզ պես երկրների համար ամենաճիշտ համակարգն է, իհարկե՝ այս դժվարությունները հիմա որ անցնում ենք, կարելի է հետեւություններ անել եւ որոշ փոփոխություններ իրականացնել, բայց ես եղել եւ մնում եմ պառլամենտական համակարգի կողմնակից»։ Հարցին՝ իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ցանկանում վերադառնալ նախկին համակարգին, որպեսզի կախում չունենա՞ խորհրդարանից, ինչպես այսօր է։ Պատգամավորն ասաց, թե չի կարող Փաշինյանի մտադրությունների մասին գուշակել, երբ խոսի, նոր կարծիք կհայտնի․ «Երբ մեզ մոտ կլինի քննարկում, ես, ամեն դեպքում, կպաշտպանեմ իմ տեսակետը»։ Ի դեպ, ստեղծված իրավիճակում սահմանադրական հանրաքվե անցկացնելն անգամ «Իմ քայլում» անիրատեսական են համարում, լուրջ կասկածներ ունեն, թե կկարողանան 650 հազար կողմ քվե ապահովել։ Հիշեցնենք, որ հանրաքվեի դրված հարցն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Ընտրողների թիվը 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին 2 միլիոն 575 հազար 939 էր, այսինքն՝ 644 հազար մարդ պետք է կողմ քվեարկի, որ կառավարման համակարգը փոխվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։ Նախօրեին, երբ հայտնի է դարձել, որ Վարդազարյանն է ներկայացնելու վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնների թեկնածուներին, Փաշինյանը աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջոցով կազմակերպել է Վարդազարյանին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան։ Պատգամավորների ելույթների տեքստերն էլ գրվել կամ խմբագրվել են անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ով հանդիպել է մի խումբ իմքայլականների հետ ու նրանց մինի-դասախոսություն կարդացել։ Ի դեպ, Փաշինյանը Ջհանգիրյանին գործուղել է ԲԴԽ՝ դատական համակարգն իր ձեռքը վերցնելու եւ ԲԴԽ նախագահ դառնալու ծրագրով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը օրերս եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Նրան ֆիքսել են վարչապետի հետ ընտանեկան միջավայրում։ Դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։ «Ժողովուրդ» օրաթերթին դատական շրջանակներից լուրեր հասան այն մասին, որ այդ մտերմիկ հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ խորհրդարանում բարձր ձայներով հենց Մկրտչյանը կընտրվի ՎԴ դատավոր, ոչ թե մյուս թեկնածու, գիտնական Արմեն Հայկյանցը։ Դրա դիմաց կողմերը պայմանավորվել են, թե ինչ անել «վնգստացող» դատավորների» հետ։ Նրանք նաեւ քննարկել են, թե Մկրտչյանը կոնկրետ ինչ պետք է անի, որ չհամարվի «պատերի տակ վնգստացող դատավոր», եւ ում հետ պիտի կառավարությունից լինի կապի մեջ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել։ Նշենք, որ անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում էին փոփոխություն կատարել ԱԺ սահմանադրական օրենքում եւ սահմանել, որ խմբակցություններից դուրս եկած պատգամավորները կարող են իրար հետ խումբ կազմել։ Եվ, ահա, այս հարցով կառավարության վաղվա նիստում ընդգրկված է նրանց եզրակացությունը, որով ցանկանում են պատգամավորների առաջարկած հոդվածները թողնել անփոփոխ։ Կառավարությունը եզրակացրել է, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, եւ դա պետք է մնա անփոփոխ։ Նրանք կարծում են, թե առանց այդ էլ անկախ պատգամավորներն ունեն բոլոր իրավունքները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ ԳՇ պետի թեկնածուների անուններ են շրջանառվում․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան, որը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյան եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան։ Մենք Դավթյանին հարցրինք՝ ստացե՞լ է նման առաջարկ։ «Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն, կընդունե՞ք։ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։ Հիշեցնենք, որ Դավթյանը 2018-2020 թթ․ ԳՇ պետն էր, ազատվեց մեր հրապարակումից հետո, երբ կարանտինի օրերին որդու հարսանիքն էր անում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։ Ճիշտ է՝ գլխավոր շտաբից ուղիղ տեքստով հասկացնում են, որ հույս չունենաք, թե Գասպարյանը կհեռանա, սակայն իշխանությունը փնտրտուքի մեջ է։ Առաջին թեկնածուն Անդրանիկ Մակարյանն էր, սակայն, նրա վրա եղած կոմպրոմատներով, ճնշումներով առավելագույնը իշխանությունը կարողացել է հասնել ԳՇ հայտարարությանը չմիանալուն, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս նշել է, թե բարոյական չի համարում Օնիկ Գասպարյանից հետո այդ պաշտոնը ստանձնել։ Ավելին, հասկացրել է, որ թեմայի հանգուցալուծումից հետո հեռանալու է։ Երկրորդ թեկնածուն ներկայումս ՊՆ վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանն է, սակայն նա էլ դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե ինչպես շարժվի ստեղծված իրավիճակում, իսկ առողջական խնդիրները դեռ հնարավորություն չեն տալիս լիարժեք ներգրավվել ծառայությունում։ Երեկ շրջանառվում էր նույնիսկ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի անունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պահին քննարկվող թեկնածուներից է նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, ում վրա իշխանությունը դեռ վերջնական կանգ չի առել, սակայն նրա տեղափոխությունը Հայաստանի ԶՈՒ ԳՇ ամենահավանականներից է համարվում, եթե հաջողվի Օնիկ Գասպարյանի «հարցերը լուծել», ինչի համար Նիկոլ Փաշինյանը դաշտ է նետել հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները։ Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՊԲ-ն ներհայաստանյան վերջին իրադարձություններին մասնակից չի եղել, և Արզումանյանը կարող է առավել չեզոք թեկնածու դիտվել, հատկապես, որ եղած թեկնածուներն էլ ոչ մի կերպ չեն ցանկանում Օնիկ Գասպարյանին նեղացնել կամ հանրության կողմից թիրախավորվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որի մասին մեկ օր առաջ հայտնել էր անձամբ Մարուքյանը՝ ասելով, թե վարչապետ Փաշինյանը զանգել, իրեն հրավիրել է՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Սակայն տեղեկացանք, որ երեկ հանդիպումը չի կայացել։ ԼՀԿ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե Փաշինյանի առաջարկած ժամը հարմար չի եղել Մարուքյանին, ամենայն հավանականությամբ, այսօր կամ վաղը կհանդիպեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը որոշել է կուսակցություն հիմնել։ Զաքարյանը, հիշեցնենք, մինչեւ 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից հետո հանդես էր գալիս հարազատ կուսակցության հասցեին քննադատական հոդվածներով։ Նա մեզ ասաց, որ կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված էր անցկացնել փետրվարի 20-ին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգել են ու երեկ նոր հայտարարություն են տվել՝ ապրիլի 3-ին անցկացնելու մասին։ Կուսակցությունը կոչվելու է «Կայունություն», գործելու է ձախ դաշտում։ «Սոցիալիստական բաղադրիչով հասարակարգի կառուցման, սոցիալական պետություն կառուցելու խնդիր է դնում իր առջեւ»,- ասաց Զաքարյանը։ Նա թեեւ չցանկացավ փակագծեր բացել, թե ովքեր են անդամակցելու կուսակցությանը՝ արդյո՞ք հանրությանը հայտնի անուններ կլինեն, բայց ասաց՝ կենսագրություն ունեցող, ճանապարհ անցած մարդիկ են լինելու։ Թերեւս՝ իր ընկերական շրջանակից»:
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։ Հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ նոր փորձությունները դեռ առջեւում են, մենք դրանցում ապրում ենք հիմա, հենց այս օրերին։ Պետությունը՝ որպես ինստիտուցիա, գրեթե ամբողջությամբ կազմաքանդված է։ Այն պահպանելու, ըստ էության, վերջին փորձն արել են Զինված ուժերը, որոնք, փաստորեն, պետությունն ու պետականությունը պաշտպանում են գործող իշխանությունից։ Սա, իհարկե, նոնսենս է, բայց որեւէ տեղ գրված չէ, որ Հայաստանը պետք է զերծ լիներ պատմական ու քաղաքական նոնսենսներից։ Այո, Հայաստանում այսօր գործում է իշխանություն, որից, բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, պետք է պաշտպանել պետությունն ու պետականությունը։ Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատերազմ է հայտարարել պետությանը, եւ հիմա մենք ականատեսն ենք դիրքային պայքարի՝ կա՛մ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ պետությունը։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ պետությանը պատերազմ հայտարարած խմբակն իր պայքարը կառուցում է իրավական ու սահմանադրական ֆորմալիզմի վրա՝ հղում անելով Սահմանադրության այսինչ հոդվածին ու այնինչ օրենքի այնինչ պարբերությանը։
Շատերն ընկնում են Նիկոլ Փաշինյանի հյուսած այդ սարդոստայնը՝ մտնելով իրավական ու սահմանադրական բանավեճերի մեջ՝ այն, ինչ անհրաժեշտ է իշխանությանը։ Զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը, բայց շատերն այսօր քննարկում են, թե Սահմանադրության հատկապես որ պարագրաֆի համաձայն կարձանագրվի պետության վախճանը։ Այսինքն՝ կա բովանդակության ու ձեւի հակադրություն, մի կողմում՝ պետականության բովանդակությունն է, մյուս կողմում՝ դրա դեմ մղվող պատերազմի «սահմանադրականությունը»։ Բովանդակությունը՝ անկախ բոլոր թերություններից ու արատներից, այդուհանդերձ հայկական է ու հայկականությունն է, ձեւը՝ ֆորմալիզմը, ստորակետի ճշտությամբ համընկնում է թուրքական հետախուզության իմպերատիվներին ու նպատակներին, որովհետեւ ֆորմալիզմի քողի տակ կատարվողի վերջնարդյունքը լինելու է հայկական պետականության կորուստը։ Այդ գործընթացը սկսվել է վաղուց, այսօր խաղարկվում է սոսկ վերջին արարը։ Պետության գոյության ամենակարեւոր երաշխիքներից մեկը՝ քաղաքացիականությունը, վերացվել է շատ ավելի վաղ, այսօր մնացել են այն քիչ թվով ինստիտուտները, որոնք դեռեւս պայքարում են պետության պահպանման համար։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հաղթանակած դուրս գալ նաեւ բանակի դեմ պայքարում, ապա պետության քայքայումն ավելի արագանալու է։ Շատերի համար, սակայն, կարեւոր է ոչ թե՝ այդ փաստն ինքնին, այլ այն, որ դա տեղի ունենա բացառապես «օրենքի ու սահմանադրականության շրջանակներում»։ Հիրավի բացառիկ իրավական պետություն է Հայաստանը։ Առայժմ պետություն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչեւ տարեվերջ: Սա մենք չենք հնարել, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 հազար 816 դեպք, որոնցից 163 հազար 906-ը` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 2 մահվան դեպք: Աշխարհում եւ Հայաստանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց, չնայած սրան, իշխանությունն ու ընդդիմությունը հանրահավաքներ են կազմակերպում: Կհիշեք՝ մարտի 1-ին հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք անցկացրեց, չնայած ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները: Մյուս կողմից՝ Առողջապահության նախարարության վարած քաղաքականությունն է անհասկանալի այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են: Արի ու տես, որ մեր հանրապետությունում, երբ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է, առողջապահության նախարարը մասնակցում է հանրահավաքին: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգված չեն արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, երբ մասնագետները պնդում են, որ բազմամարդ հավաքները վարակի աղբյուր են:
Ըստ մամուլի քարտուղարի՝ հանրահավաքները կարող են նպաստել աճին, դա ազդող գործոններից մեկն է: Ապա հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված կենտրոններ են վերաբացվում, իրավիճակը վերահսկում է նախարարությունը, եւ, իհարկե, մտահոգված են: Այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը մի ամբողջ օր խախտեց հակահամաճարակային կանոնները եւ չպատժվեց, մինչդեռ ամիսներ առաջ բազմահազար քաղաքացի տուգանվեց 10 000 դրամի չափով դիմակ չկրելու համար: Ընդդիմության եւ իշխանության հրավիրած հավաքներին հակահամաճարակային 3 կարեւոր կանոն՝ սոցիալական տարածությունը, դիմակի կրումը եւ ձեռքերի հիգիենան, խախտվում է, մինչդեռ նախորդ տարվա մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերը, համաձայն որոնց՝ անզգուշությամբ 1, 2 կամ ավելի անձանց վարակելու պարագայում քաղաքացին առավելագույնը մինչեւ 700 հազար դրամ տուգանք կվճարի, կկալանավորվի կամ կազատազրկվի։ Արդյոք կորոնավիրուսի պայմաններում ընդունված այս օրենքները կտարածվե՞ն մարտի 1-ին, մինչ այդ եւ այսօր շարունակվող հավաքների մասնակիցների վրա: Ինչպես ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ասում, «կորոնավիրուսի վարակը կատակ չէ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի ներհայաստանյան քաղաքական զարգացումները գնալով ավելի ինտրիգային բնույթ են ստանում, ու ցանկացած պահի հնարավոր է որոշակի հանգուցալուծում։ Այս ֆոնին բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ աշխարհաքաղաքական կոնտեքստում։ Ինչպես հայտնի է, ռուսական խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո հանրության շրջանում պրոռուսական կողմնորոշման նկատելի աճ էր արձանագրվել, ինչն արեւմտյան կողմնորոշում ունեցող կառույցների ու անձանց շրջանում լուրջ անհանգստություն էր առաջացրել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում գործող հակառուսական բլոկի ուժերին ներքին կարգով հանձնարարություն է իջեցվել հնարավոր բոլոր տարբերակներով հակառուսական ալիքը թեժ պահել եւ հարմար պահերին բաց տեքստով հակադարձել ռուսական շրջանակներից եկող մեսիջներին։ Թերթի տեղեկություններով, նման օրակարգով մարտի 1-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, որին մասնակցել են ՀՀ քաղաքական դաշտի արեւմտյան ֆինանսավորմամբ գործունեություն իրականացնող ակտիվ ներկայացուցիչները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննադատության «ազդակներն» ուղղակիորեն կապված են լինելու ԱՄՆ-ի նոր աշխարհաքաղաքական քայլերի հետ, այդ թվում՝ տարածաշրջանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը որոշ ժամանակ դեռ պետք է պահպանվի, որը կօգնի հայ տնտեսվարողներին զարգացնել իրենց բիզնեսը: Չնայած պաշտոնական արգելքին, թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան շարունակվում է, դրանք ուղղակի բերվում են փոխված պիտակներով, որտեղ արտադրության վայրը նշված չէ կամ նշված է այլ երկիր: Ապրանքները սկզբում բերվում են Վրաստան, իսկ այնտեղից ներմուծվում Հայաստան: Ներմուծողները մի փոքր դժվարություն են ունենում ծագման երկիրը թաքցնելու հարցում, բայց կարևորը արգելքը շրջանցելն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանը օրերս ընդունել է հայտարարություն, որով վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հռչակվում են բռնազավթված: Չնայած ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը հստակ չի նշում, թե խոսքը որ տարածքների մասին է՝ նախկին ԼՂԻ՞Մ, թե՞ նաև ազատագրված տարածքների, սակայն հայտարարության տեքստից կարելի է հասկանալ, որ Արցախի խորհրդարանը նկատի ունի նախկին ԼՂԻՄ տարածքը: Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի Հանրապետությունը իր անկախությունը հռչակել է 1991թ., իսկ այդ ժամանակ ազատագրված տարածքներ չկային, և բնականաբար հանրապետությունը հռչակվել է նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը։ Նշվում է, որ դրա հիմքում պետք է լինի աշակերտների կարողունակությունների բացահայտումը, ուսուցումը պետք է դառնա ավելի կոնկրետ ու գործնական: Այսինքն՝ ավելի պարզ ասած, երեխաները սովորելու են այն, ինչ իրենց անհրաժեշտ է, պետք է գալու բուհ ընդունվելիս և բարձրագույն կրթություն ստանալիս: Նոր չափորոշիչի սահմանած մյուս փոփոխությունը տարրական դասարաններում գնահատականի բացակայությունն է, սա միանշանակ չընդունվեց թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների շրջանում։ Իսկ ինչպե՞ս են ստուգելու երեխաների ստացած գիտելիքները։ Ինքն իրենով չափորոշիչն անգամ դեռևս ուժի մեջ չմտած մի շարք ինչուներ է առաջ քաշում։ Նշենք, որ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչում սահմանվել են «ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները, որոնք, ըստ նախարարության, ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը: Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում՝ տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպաիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։
Օրերս ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուսումնական բնագավառներին հատկացվող ծավալները։ Ի՞նչ ասել է ուսումնական բնագավառ և տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն դասաժամ է հատկացվելու այս կամ այն առարկաներին։ Ըստ նախարարության՝ հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է 7 ուսումնական բնագավառներով`«Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Այնուհետև պարզաբանում է, թե որքան ժամաքանակ է հատկացվելու այդ բնագավառին տարրական, միջին և ավագ դպրոցներում։ Եվ այսպես՝ տարրական դպրոցում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածությունը լինելու է 3590, նվազագույնը` 2945 դասաժամ, մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն»՝ 24-28, «Հայրենագիտություն» 5, «Օտար լեզուներ» 10-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» 20-28.5, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 2, «Արվեստ և արհեստ» 10-16, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-9, Ընտրովի բաղադրիչ 10 տոկոս։ Միջին դպրոցում ավելանում է աշակերտների ծանրաբեռնվածության չափը՝ առավելագույնը 5950, նվազագույնը` 5385 դասաժամ։ Մոտ տասը տոկոսով քչանում է «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացվող ժամաքանակը, նույնքան ծավալով ավելանում է «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» առարկաների ժամաքանակը։
Մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն» 13-16, «Հայրենագիտություն» 10, «Օտար լեզուներ» 12.5-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 33-36, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 5-6, «Արվեստ և արհեստ» 8-9, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-8, Ընտրովի բաղադրիչ 4 տոկոս։ Ավագ դպրոցում սովորողների ծանրաբեռնվածությունը նվազելու է՝ առավելագույնը՝ 4080, նվազագույնը` 2020 դասաժամ։ Կրթական բնագավառների տեսանկյունից հարաբերակցությունը հետևյալն է՝ «Հայոց լեզու և գրականություն» 9-20, «Հայրենագիտություն» 8, «Օտար լեզուներ» 5-13, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 12,5-38, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 6-12, «Արվեստ և արհեստ» 3-5, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-10, Ընտրովի բաղադրիչ 6 տոկոս։ Փաստորեն, մայրենի լեզվին և գրականությանը համեմատաբար շատ ժամաքանակ հատկացվելու է տարրական դպրոցում, հետո միջինում այն նվազելու է և փոքրիշատե աճելու արդեն ավագ դպրոցում։ Սա բավականին հետաքրքրական է բուհերում հայոց լեզվի դասավանդումը կամընտրական դարձնելու՝ իշխանությունների ցանկության ֆոնին։ Արդյո՞ք այս ծավալի դասաժամերը բավարար կլինեն մայրենի լեզվին և գրականությանը խորապես ծանոթանալու համար։ Սրա հետ մեկտեղ առավելություն, կարելի է ասել առաջնահերթություն է տրվելու բնագիտական առարկաներին ու տեղեկատվական տեխնոլոգիաներին։ Սա իրենով վատ միտում չէ, քանի որ գիտենք, որ Հայաստանում բավականին քիչ է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ: Դա ակնհայտ է դառնում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ, օրինակ՝ անցած տարի մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը դիմորդ չի ունեցել, իսկ քիմիկոս դառնալու ցանկություն էլ հայտնել էր ընդամենը 4 անձ: